Twitter-ը հայտնել է եռամսյակային կորուստների մասին. եկամուտները նվազել են՝ չնայած օգտատերերի թվի աճին, հայտնում է AP-ն։

Ընկերությունը կորցրել է 270 միլիոն դոլար ապրիլ-հունիս ընկած ժամանակահատվածում այն բանից հետո, երբ եկամուտը կրճատվել է 1 տոկոսով՝ հասնելով 1,18 միլիարդ դոլարի, ինչը արտացոլում է գովազդային ոլորտում հակառակ փչող քամիները, ինչպես նաեւ Իլոն Մասկի գնման առաջարկի վերաբերյալ անորոշությունը:

Օրական ակտիվ օգտատերերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 16,6 տոկոսով եւ կազմել է 237,8 միլիոն։

Twitter-ը հաջողությունը վերագրել է «արտադրանքի շարունակական բարելավմանը եւ ընթացիկ իրադարձությունների գլոբալ քննարկմանը»:

Twitter-ի վերջին արդյունքների վրա ստվեր է գցում Մասկի հետ նրա դատական պայքարը՝ ընկերությունը 44 միլիարդ դոլարով գնելու ապրիլյան խոստման շուրջ: Անցյալ շաբաթ Twitter-ը դատի էր տվել Մասկին՝ գործարքն ավարտելու համար, եւ երկու կողմերն էլ պատրաստվում են հոկտեմբերին դատավարությանը՝ վեճը լուծելու համար:

Հաշվի առնելով առաջիկա ձեռքբերումը՝ Twitter-ը հայտարարել է, որ չի անցկացնի իր սովորական եռամսյակային եկամուտների հեռախոսային կոնֆերանսը եւ բաժնետերերին ուղղված նամակ չի թողարկի:

Ապրիլից հունիս ընկած ֆինանսական եռամսյակը Twitter-ի համար նշանավորվել է աղմկահարույց երեք ամիսներով՝ սկսած հաղորդագրություններից այն մասին, որ Մասկը ձեռք է բերել ընկերության հսկայական մասնաբաժինը, ինչը հետագայում հիմք է դրել գնման նրա հայտի համար: Հարաբերություններն արագ սրվել են, քանի որ Մասկը հրապարակավ Twitter-ում գրել է իր մտահոգությունների մասին եւ հասկացրել, որ փոխել է մտադրությունը:

Twitter-ը դատարանում պնդել է, որ Մասկի գործողությունները եւ «Twitter-ի ու նրա անձնակազմի բազմաթիվ նվաստացումները» անորոշություն են ստեղծել, որը վնաս է հասցրել Twitter-ի բիզնես գործառույթներին, աշխատակիցներին եւ բաժնետոմսերի գներին:

Այս շաբաթ դատավորը դատավարությունը նշանակել է հոկտեմբերին՝ համաձայնելով Twitter-ի այն մտահոգությունների հետ, որ չափից շատ հետաձգումը կարող է անուղղելի վնաս հասցնել ընկերությանը: Դա տեղի կունենա Դելավերի դատարանում, որը զբաղվում է բազմաթիվ աղմկահարույց գործարար վեճերով, եթե Մասկը եւ Twitter-ը մինչ այդ չկարգավորեն հարցը: