NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «Le Figaro» թերթում հրապարակված Ժան Լուի Թրամբլեի հոդվածը.
«Ամսի տասնյոթերորդ օրը տապանը կանգնեց Արարատ լեռան վրա...»: Թուրքիայի արեւելյան մասում, պատմական Հայաստանի տարածքում գտնվող Արարատ լեռը, որն ունի 5137մ բարձրություն, դեռ շարունկում է գրավել մարդկանց:
Դա Արարատի պարադոքսն է: Մենք Դողուբայազետում ենք, քրդաբնակ թուրքական քաղաքում, որը Իրանից 20, Հայաստանից 40 կմ հեռավորության վրա է: Արարատ բառը ծագում է Ուրարատից, հնագույն թագավորությունից, որը մրցակցել է ասորիների հետ, սակայն յուրաքանչյուր ժողովուրդ նրան տարբեր անունով է կոչում: Հայերն այն Մասիս են անվանում, թուրքերը` Ագրի դաղ («ցավի լեռ»), քրդերը` Չիյե ագիրի («կրակե լեռ»), պարսիկները` Կոկ ի Նուհ («Նոյի լեռ»):
Արարատը գրվում եւ հետաքրքրում է սեւեռուն մի հարցով. արդյո՞ ք Նոյյան տապանը դեռ այնտեղ պահպանվել է: Մեր թվարկության առաջին դարում պատմաբաններ Հովսեփ Ֆլավիացին եւ Նիկոլայ Դամասկինը խոսում են Հայաստանի այդ լեռան մասին, որտեղ «դեռեւս գտնվում է տապանի մասը»: Համարձակ ճանապարհորդները, ինչպիսիք էին Վիլհելմ Ռեյսբրուկն ու Մարկո Պոլոն, նույնպես գրում են տապանի մասին:
Բարձրանա՞ լ ` ստուգելու համար: Ավելի հեշտ է ասել, քան իրագործել այն ժամանակների միջոցներով: Առաջինը, ով հաղթահարեց բարձունքը, գերմանական ծագմամբ էստոնացի հայտնի լեռնագնաց Ֆրիդրիխ Պարրոտն էր: Դա 1829 թ. հոկտեմբերն էր: Հիմա Ահմեդ Էրթուգրուլը, ով ավելի շատ հայտնի է «Պարաշյուտ» մականունով, նրա ամենահմուտ հետեւորդներից է:
«Անցած տարի ես մոտ 15 չինացի գիտնականների ուղեկցեցի դեպի բարձունք: 4000մ բարձրության վրա նրանք փայտի կտորներ գտան եւ իրենց հետ տարան Ասիա: Նրանք կարծում են, թե դրանք Նոյյան տապանի կտորներ են»,-պատմում է նա: Այս որոնումներն, ի դեպ, նոր չեն: 50-ականներին ֆրանսիացի Ֆերնան Նավարրան (ում արկածները զետեղվել են «Paris Match»-ում) մի քանի արշավախումբ կազմակերպեց եւ վերջինի ժամանակ սառույցների միջից մի գերան գտավ: Նա նաեւ գիրք էր գրել` «Ես գտել եմ Նոյյան տապանը» շատ համեստ վերնագրով:
... Այսպիսով մենք գտնվում ենք հայկական գերեզմանոցի մոտ, որոնց տապանաքարերի վրա խաչեր են: Արարատի ստորոտի այս գյուղը քրիստոնեական է եղել մինչեւ 1915թ-ը, երբ արեւելյան Անատոլիան զտվեց հայ բնակչությունից, որոնք հետագայում սպանվեցին կամ արտաքսվեցին: Ի՞ նչ եղավ այդ մարդկանց հետ: Մեր թուրք ուղեկցորդը, ինչպես եւ քուրդ գյուղացիները, տալիս է խուսափողական, կարճ, բայց լավ մշակված պատասխան. «Նրանք հեռացան»:
Ոչ իրենց կամքով: Ինչպես եւ պատմական Հայաստանի Վանա լճի Աղթամար կղզու հոգեւորականները: Կղզում 10-րդ դարում կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին, որը եկեղեցական ճարտարապետության մարգարիտ է, հրաշքով փրկվեց: Հայերի կողմից 1915 թ-ին լքված եկեղեցին հաջողվեց փրկել նաեւ Երկրորդ համաշխարհայինից հետո: 1951թ-ին, նահանգային իշխանությունների հրահանգով թուրք սպան ու նրա զինվորները փորձել են ավերել եկեղեցին, երբ գրող Յաշար Քեմալը նրանց հանկարծակիի է բերել, ու նրա ջանքերով եկեղեցին նորից փրկվել է: Եկեղեցին պահպանվել եւ արդեն վերկանագնվել է: Այն վերաբացվել է հինգ տարի առաջ, սակայն արդեն ոչ որպես գործող եկեղեցի, այլ թանգարան: Եկեղեցու ճակատի հարթաքանդակներում, Ադամի եւ Եվայի, Դավիթի եւ Գողիաթի միջեւ կարելի է տեսնել նաեւ այն կենդանիների պատկերները, որոնց Նոյը վերցրել էր իր տապանը: Մենք շատ հեռու ենք Արարատից, սակայն առասպելը ներկա է նաեւ այստեղ: Ասում են` հավատը սարեր է շրջում: Թե ուղիղ, թե փոխաբերական իմաստով»:




























