Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը չինական կողմի հրավերով այսօր` օգոստոսի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ պատվիրակությունն այցը կսկսի Գուանդուն նահանգից, որտեղ Շենժեն քաղաքում կմասնակցի ուսանողական մարզական համաշխարհային 26-րդ խաղերի փակման արարողությանը: Խաղերը մեկնարկել են օգոստոսի 12-ին, որին մասնակցող հայաստանցի մարզիկները հանդես են եկել 5 մարզաձեւում` շախմատ, ծանրամարտ, թեքվոնդո, ձյուդո, թենիս: Ծանրամարտիկ Աղասի Աղասյանը նվաճել է ոսկե մեդալ` դառնալով այս խաղերում ոսկեմեդալակիր առաջին հայ մարզիկը:
Նախատեսվում են նաև փոխվարչապետի հանդիպումները նահանգային ղեկավարության հետ:
Գուանդունից պատվիրակությունը կմեկնի Պեկին, որտեղ ՀՀ փոխվարչապետը հանդիպումներ կունենա ՉԺՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:




























