Ազատամարտիկ, «Սարդարապատ» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներին առաջարկել է հանդիպել «Ուրբաթ» մամուլի ակումբում կամ Ազատության հրապարակում:
Նախօրեին տեղեկատվություն էր տարածվել, որ ՀԱԿ երիտասարդները ընդունել են Ժիրայր Սեֆիլյանի հետ հանդիպման առաջարկը։ Մասնավորապես ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գեւորգյանը հայտարարել էր. «Ես իմ ընկերների անունից կարող եմ ասել հետեւյալը, որ մեզ համար մեծ հաշվով ամեն ինչ պարզ եւ հստակ է, մեր կարծիքն արտահայտել ենք տարածած հայտարարության միջոցով եւ չունենք ավելացնելու որեւէ բան։ Սակայն եթե պարոն Սեֆիլյանն ասելիք ունի, մենք սիրով պատրաստ ենք ցանկացած օր ցանկացած ժամի հանդիպել նրա հետ…»։
«Վերահաստատելով պատրաստակամությունը ՀԱԿ երիտասարդների հետ հրապարակային զրուցելու, Ժիրայր Սեֆիլյանն առաջարկել է երիտասարդներին հանդիպել օգոստոսի 25–ին, ժամը 13-ին «Ուրբաթ» ակումբում կամ Ազատության հրապարակում, տեղի ընտրությունը թողնելով վերջիններիս հայեցողությանը»,- ասված է «Սարդարապատի» հայտարարության մեջ։



























