Գյումրու Գեղարվեստի թիվ 3 արհեստագործական ուսումնարանը ընդունելության պլանի համաձայն ունի 100 տեղ ու թեեւ ուսումնական տարին մոտենում է, դիմորդների թիվը դեռեւս  80-նն է:

Ուսումնարանի տնօրենը դժգոհ չէ:  « Ճիշտ է, որոշակի խնդիր կա, սակայն հաղթահարելի է: Այս տարի շատ են հատկապես ոսկերչության բաժնի դիմորդները: Հնարավորություն է ընձեռվել 2  խումբ ունենալ այս մասնագիտության գծով»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ուսումնարանի տնօրեն Ալբերտ Պետրոսյանը: Նրա խոսքերով՝ կրճատումների չեն գնալու: Կփորձեն եղածը պահպանել , հատկապես  այն դեպքում, երբ թափուր տեղերը շատ չեն:

Իսկ Գյումրու պետական Տեխնիկական քոլեջում վիճակն անհամեմատ վատ է, ուսանողների թիվը 50 տոկոսով կրճատվել է: Ընդամենը 41 դիմորդ՝ ցերեկային ուսուցման համար, 27-ը  հեռակա:

Տեխնիկական ուսումնարանի ուսումնական գծով ուսմասվար  Ալլա Կոստանյանի փոխանցմամբ՝ «Դիմորդների հիմնական հատվածը ցանկանում է  դառնալ երկաթուղային: Շինարար դառնալ ցանկացողներ չկան: Ներկայումս արհեստագործական ուսումնարանները (հանրության շրջանում չունեն իրենց երբեմնի հեղինակությունը: Ուսումնարանում ստացած տեսական գիտելիքները մարդիկ անտեսում են»,- ասել է Ալլա Կոստանյանը:

Իսկ Գյումրու մանկավարաժական քոլեջն էլ վերանվանվել է՝ միանալով մանկավարժական ինստիտուտին: Դա որոշակիորեն օգնել է, որ  դիմորդների ակտիվություն լինի, վստահեցրել է  ընդունող  հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արտուշ Քոչարյանը: Նա դժգոհել է հանրակրթական դպրոցների վարած քաղաքականությունից: «Ձգձգում են, աշակերտների փաստաթղթերը չեն տալիս, երբեմն  նաեւ վարկաբեկում են այս կամ այն ուսումնական հաստատությանը»,- դժգոհել  է Արտուշ Քոչարյանը: