«Մոտավորապես ամառվա երկրորդ կեսից հայոց աշխարհը ախտահարվում է սարսափելի հիվանդությամբ՝ անսանձ պահածոյացման սինդրոմով (ԱՊՍ):
ԱՊՍ-ի ախտանիշների շարքում են կափարիչային քրոնիկական անբավարարությունը, ուռչողությունը, հանկարծակի բացելիությունն ու անսպասելի պղտորվածությունը։
ԱՊՍ-ով տառապող անձանց չեն վախեցնում ոչ տնական պահածոներից թունավորման սպառնալիքը, ոչ էլ հեռուստատեսությամբ պարբերաբար ցուցադրվող սյուժեները բոտուլիզմի մասին։ Բուժող բժիշկների խելամիտ հարցերին, թե՝ «Իսկ ավելի հեշտ չէ՞ ձմռանը այդ ամենը խանութից գնել», հիվանդները պատասխանում են բացասաբար։ Սովորական պատասխանը հետեւյալն է. «Խանութից գնածը չես համեմատի սեփական ձեռքով պատրաստածի հետ։ Տան սարքածը ուրիշ է»։
Երեւանը, որքան էլ տարօրինակ է, նույնպես ենթակա է համահայկական համաճարակին։ Եվ դա անկախ նրանից, որ ողջ ձմեռը խանութները լեփ-լեցուն են ամեն տեսակի եւ ամեն ճաշակի համեմատաբար էժան բանջարեղենային պահածոներով։
Տնային տնտեսուհիները, տատիկներն ու թոռնիկները, մայրերն ու քույրերը իրենց ամառանոցներից կամ շուկայից բերում են տոննաներով միրգ ու բանջարեղեն։ Խանութների վաճառասեղաններից սրբում-տանում են ամեն տեսակի ու ձեւի աղը, ներառյալ քարաղը եւ յոդացվածը։
Առանձնակի խնդիր են կափարիչները։ Թեեւ այսօր կարծես թե կա բացարձակապես ամեն ինչ, կափարիչները մշտապես չեն հերիքում։ Կափարիչների պակասից ԱՊՍ-ով հիվանդների շրջանում հաճախ սրացում է սկսվում։ Չի փրկում նաեւ տնային բուժումը։ Այստեղ բորբոքային պրոցեսը միայն խորանում է։
Ամենից վատ լինում է խոհանոցում։ Ակտիվ գործողությունների մեկ ժամից հետո այն հիշեցնում է մարտենյան արտադրամաս։ Ամենուր տիրում է սոցիալիստական մրցության անառողջ ոգին։ ԱՊՍ-ով հիվանդները զրուցելիս հրճվալից արտաբերում են 10-ից մինչեւ 100 խորհրդավոր թվերը։ Կախված՝ պահածոյացված միավորների քանակից։
Իսկ եթե պատահաբար պարզվում է, որ հարեւանուհու պահածոները ավելի քիչ են ստացվել, ապա մրցակցուհու դեմքը տեղնուտեղը նմանվում է մրցարշավի հաղթողի փոխանցիկ դրոշի։
Անսանձ պահածոյացման սինդրոմը շարունակվում է մինչեւ առաջին ցրտերը, այնուհետ սկսվում է երկար սպասված ապաքինումը։ Բուժել սինդրոմը սրացման ժամանակահատվածում չափազանց բարդ է։ Փորձագետները հավաստիացնում են, որ որպես պատվաստանյութ կարող է օգտագործվել դրամական ներարկումը քաղաքացիների քսակի մեջ։ Սակայն այդ պատվաստանյութի պաշարները լիովին սպառված են կառավարության եւ խորհրդարանի անդամների կողմից։
Արեւմտյան պատվաստանյութերը դժվարամատչելի են կոնվերտացման հետ կապված բարդությունների հետեւանքով։ Արեւմուտքում այդօրինակ հիվանդություններ պարզապես չեն առաջանում բնակչության բարձր կենսամակարդակի պատճառով։
Ուշագրավ է, որ աֆրիկյան աղքատ երկրների բնակիչները, գուցե բնածին ծուլության (նրանք գետնին ընկած բանանն էլ երբեք չեն վերցնի), գուցեեւ ավանդույթների բացակայության պատճառով օժտված են ԱՊՍ-ի դեմ կայուն իմունիտետով։ Համենայն դեպս արեւմտյան ճանապարհորդներից ոչ մեկին մինչ օրս չեն հյուրասիրել թթու դրած բանանով։
Հանուն արդարության նշենք, որ արտասովոր սինդրոմը ունի նաեւ հաճելի հետեւանքներ։ Քացախի, ճակատից ընկած քրտինքի կաթիլների եւ տղամարդու արցունքի ոչ մեծ չափաբաժնի միջոցով պահածոյացված վարունգն ու պոմիդորը աննկարագրելի համեղ են ստացվում։
Տվյալ ֆենոմենի ոչ մի գիտական բացատրություն մինչ օրս ոչ ոք չի տվել»,- հեգնում է թերթը։



























