Բանակում ծառայությունից տարկետում կտրամադրվի նաեւ նրանց, ովքեր սովորում են համապատասխան բուհերում՝ պետության համար գերակա եւ կարեւոր մասնագիտությունների գծով, բնական գիտությունների, տեխնոլոգիաների, ինժեներիայի եւ մաթեմատիկայի ոլորտներում։ Այս մասին Ազգային ժողովում, պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ մտցնելու օրինագծի քննարկման ժամանակ, սեպտեմբերի 5-ին ասել է  կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

Նախարարի խոսքով՝ այս խնդիրն առաջացել էր դեռեւս 2017թ.։ Այն ժամանակ տեղի են ունեցել փոփոխություններ պարտադիր զինծառայության մասին օրենքում։ Բոլորին պարտավորեցրել են ծառայել բանակում։ Ընդ որում՝ շատ ուսանողներ, բակալավրիատում, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում սովորելու շրջանում, տարկետում ստանում էին։ Արդյունքում՝ գրեթե բոլորը հետագայում բախվել են խնդրի։ Այսպես, մինչեւ 27 տարեկանը կամ պետք էր ծառայել, կամ ինչ-որ կերպ ազատվել ծառայությունից։

«Այսպիսով, ասպիրանտի կրթությունը մնում էր անավարտ եւ, ըստ էության, անիմաստ։ Այս առնչությամբ նրանց համար, ովքեր տարկետում են ստացել ուսման համար եւ հասել են 27 տարեկանի, մենք առաջարկում ենք սահմանել նոր տարիքային սահմանափակում՝ 28 տարեկան նախկին 27-ի փոխարեն։ 27 թիվը մենք ժառանգել ենք դեռեւս խորհրդային շրջանից։ Այն ժամանակ դպրոցում 10 տարի էին սովորում։ Հիմա դպրոցում ուսումը 12 տարի է։ Ընդ որում՝ բակալավրիատում սովորում են 4 տարի, մագիստրատուրայում՝ 2, ասպիրանտուրայում՝ 3, եւ շատ աշակերտներ դպրոցն ավարտում են 18 տարեկանում։ Ուստի, մենք փոխում ենք 27-ը 28-ով։ Դա նաեւ կթեթեւացնի նախարարության պրոֆիլային բաժնի աշխատանքը»,- ասել է Դումանյանը՝ տեղեկացնելով, որ ուսանողների հետ կստորագրվեն համապատասխան համաձայնագրեր։

Նախարարի հավաստիացմամբ՝ ոչ մի «պարտադրանք» չի լինելու։ Ամեն ինչ կկառուցվի կամավոր հիմքերի վրա։

Նախարարի առաջարկը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել հանձնաժողովի անդամների շրջանում։ Նրա որոշ անդամներ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները վեճի մեջ մտան միմյանց հետ։ Ինչեւէ, բավական երկարատեւ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացավ խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։