Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ընդունել են Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Նաուֆել Թելահիգի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը, պետական աջակցության մեխանիզմներն ու նախատեսվող բարեփոխումները, որոնք ուղղված են արտադրողականության ու գյուղատնտեսական գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Առանձին անդրադարձ է կատարվել հողերի միավորման (կոնսոլիդացիայի) գործընթացին, ոռոգման համակարգերի արդիականացմանը, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանը, նոր ներդրումների ներգրավմանը, ինչպես նաև գյուղատնտեսական ոլորտի թվայնացմանը։