Հուլիսի վերջին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Մինչեւ 2030 թվականը կրթական ծրագրի հաստատման մասին» օրենքի նախագծին, որը նախանշում է միջնաժամկետ նպատակներ նախադպրոցական կրթության, հանրակրթության, մասնագիտական ​​կրթության եւ ուսուցման, բարձրագույն եւ հետբուհական կրթության ոլորտներում։

Բացի այդ, բուհերը միավորելու եւ Աշտարակ տեղափոխելու մտադրություն է հայտարարվել։

Այս բոլոր գործընթացները, ըստ կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանի, վկայում են այն մասին, որ անցյալի դասերը Հայաստանում քաղված չեն. կրթության ոլորտի զարգացման ռազմավարության ընդունումը պետք է նախապես համաձայնեցված լիներ շահագրգիռ կողմերի հետ։

Հանրային հատվածը, փորձագետները, ուսուցիչները դուրս են մնացել այս գործընթացից, նրանց հետ լուրջ քննարկումներ չեն եղել։

«Ուստի ռազմավարությունը հաջողության շանս չունի։ Սա ավելի շատ թելադրության է նման, քան զարգացման ռազմավարություն»,-ասասց նա։  

Բաց հասարակության հիմնադրամի փոխտնօրեն Դավիթ Ամիրյանի կարծիքով՝ Աշտարակում ակադեմիական կամպուսի կառուցումը չի լուծի ռազմավարության մեջ նշված խնդիրները։ Նա արձանագրեց, որ 2018-ի իշխանափոխությունից հետո բուհերի խորհուրդների ձեւավորման կարգը չի փոխվել, եւ ակադեմիական ոլորտում ազատականացման հարցը չի լուծվել։

Պետական ​​ֆինանսների կառավարման ոլորտի փորձագետ Արտակ Քյուրումյանը ամենադժվար խնդիրն անվանեց ռեսուրսների եւ առաջին հերթին մարդկային ռեսուրսների պակասը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ կրթության։

«Ունե՞նք համապատասխան ուսուցիչներ եւ դաստիարակներ։ Մեր ներկայիս կառավարման համակարգն անարդյունավետ է, ոչ նպատակային, հետեւաբար, ֆինանսավորման ավելացումը միայն բարձրացնում է անարդյունավետության մակարդակը, իսկ իշխանության հայտարարած նպատակները եւ կրթության զարգացման ռազմավարության ընդունված փաստաթուղթը հռչակագրային բնույթ են կրում։ Ոլորտում մարդկային ռեսուրսների բացակայությունը կբերի ռեսուրսների վատնման։ Կարելի է ասել, որ ներկայիս 4 տարին վատնվել է»,-ընդգծեց նա։

Քյուրումյանը նշեց, որ գործող իշխանության ներկայացուցիչներն ունեն իրենց պատկերացումները եւ կողքից ոչ ոքի չեն լսում։