Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը Ջուլիան Ասանժի եւ Չե Գեւարայի ազգականներին հրավիրել է հաջորդ շաբաթ երկրի Անկախության օրը նշելու, հայտնում է Reuters-ը։
Լոպես Օբրադորն ասել է, որ հրավիրված են նաեւ Բոլիվիայի եւ Ուրուգվայի նախկին նախագահներ Էվո Մորալեսը եւ Խոսե «Պեպե» Մուխիկան, ինչպես նաեւ Նելսոն Մանդելայի հարազատները, ԱՄՆ քաղաքացիական իրավունքների պաշտպանության առաջնորդ Մարտին Լյութեր Քինգի եւ ԱՄՆ արհմիությունների ակտիվիստ Սեզար Չավեսի ազգականները։
Հերթական մամուլի ասուլիսի ժամանակ, ներկայացնելով անունների ցանկը, Լոպես Օբրադորը նշել է, որ հյուրերի ցուցակը դեռ պետք է հաստատվի։ Մորալեսը, որին ապաստան է տվել Մեքսիկան, երբ նա ստիպված է եղել լքել իր պաշտոնը 2019 թվականին, ասել է, որ կգա։
Լոպես Օբրադորը նաեւ ապաստան է առաջարկել Wikileaks-ի հիմնադիր Ասանժին, որը, հնարավոր է, Մեծ Բրիտանիայից արտահանձնվի ԱՄՆ, որտեղ նա հետախուզվում է գաղտնի փաստաթղթեր հրապարակելու համար։
Ամենամյա տոնակատարությունները հաճախ խոսակցական լեզվով կոչվում են Էլ Գրիտո (Ճիչ), քանի որ նախագահը սեպտեմբերի 16-ին՝ Մեքսիկայի Անկախության օրվա նախօրեին Ազգային պալատի պատշգամբից ավանդաբար բարձրաձայնում է զինվելու 1810-ի կոչը:





























