Եղիսաբեթ 2-րդ թագուհու մահը կհանգեցնի մի շարք փոփոխությունների առօրյա կյանքում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում մետաղադրամների ու թղթադրամների փոփոխության, գրում է The Independent-ը։
Միապետի առաջին դիմանկարը, որը հայտնվել է մետաղադրամների վրա, ստեղծվել է Մերի Գիլիքի կողմից։ Այն ընդունվել է նրա կառավարման սկզբում 1953 թվականին, մինչդեռ ամենավերջինը Ջոդի Քլարկն է ներկայացրել 2015 թվականին։
Թագուհու կերպարը կարելի է տեսնել նաեւ թղթադրամների վրա։ Այս փոփոխությունը սկսվել է 1960 թվականին, երբ միապետն առաջին անգամ հայտնվեց 1 ֆունտ արժողությամբ թղթադրամների վրա։
Թագուհու մահից հետո՝ սեպտեմբերի 8-ին, հանգուցյալ միապետի պատկերով մետաղադրամները աստիճանաբար կսկսեն շրջանառությունից հանվել, եւ Կառլզ III թագավորի դիմանկարով նոր մետաղադրամներ կթողարկվեն։
Այս գործընթացի ընթացքում թագավորական դրամահատարանը, որը պատասխանատու է Մեծ Բրիտանիայի մետաղադրամների արտադրության եւ թողարկման համար, առաջարկություններ կուղարկի կանցլերին եւ կստանա թագավորական համաձայնությունը: Վերջնական ընտրությունը հաստատում են կանցլերը եւ թագավորը, գրում է The Mirror-ը։
Հավանաբար առնվազն երկու տարի կպահանջվի 4,5 միլիարդ ֆունտ սթեռլինգ արժողությամբ թղթադրամները Կառլ III-ի դիմանկարով նորերով փոխարինելու համար:





























