ԵՄ-ի Խորհուրդը որոշում է ընդունել, որով լիովին դադարեցնում է ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագրի գործողությունը։ Այսպիսով, Ռուսաստանի քաղաքացիների վրա տարածվելու են վիզային կոդեքսի ընդհանուր կանոնները։
Դա կհանգեցնի վիզային տուրքի ավելացման, որը 35 եվրոյից կդառնա 80, անհրաժեշտ կդառնան լրացուցիչ փաստաթղթային ապացույցներ, վիզայի ձեւակերպման ժամկետը կերկարի, եւ կխստանան բազմակի վիզաների տրամադրման կանոնները։
«Վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիրն ապահովում է արտոնյալ մուտքը ԵՄ հուսալի գործընկերների քաղաքացիների համար, որոնց հետ մենք ընդհանուր արժեքներ ունենք։ Իր չարդարացված պատերազմով, այդ թվում անխտիր հարձակումներով քաղաքացիական բնակչության վրա, Ռուսաստանը խափանել է այդ վստահությունը եւ տրորել մեր միջազգային հանրության հիմնարար արժեքները։ Այսօրվա որոշումը Ռուսաստանի գործողությունների ուղիղ հետեւանքն է եւ եւս մեկ ապացույց այն բանի, որ մենք հավատարիմ ենք Ուկրաինային եւ նրա ժողովրդին»,- ասել է Չեխիայի ներքին գործերի նախարար Վիտ Ռակուշանը, որի երկիրը նախագահում է ԵՄ-ում։
Սպասվում է, որ որոշումը կհրապարակվի 2022թ. սեպտեմբերի 9-ին, Պաշտոնական ամսագրում։ Այն ուժի մեջ կմտնի դրա ընդունման օրը եւ կկիրառվի 2022թ. սեպտեմբերի 12-ից։
ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2007թ. հունիսի 1-ին։ Դրա նպատակն էր հեշտացնել կարճաժամկետ վիզաների տրամադրումը փոխադարձության հիման վրա։
Համաձայնագրի լիակատար դադարեցումը տարածվում է կարճ ժամանակով ԵՄ եկող բոլոր տեսակի ճամփորդողների վրա։ Սպասվում է, որ հանձնաժողովը լրացուցիչ առաջնորդող սկզբունքներ կնշի, որպեսզի երաշխավորի, որ այդ դադարեցումը չի ազդի որոշակի մարդկանց վրա, որոնք ԵՄ են մեկնում կենսականորեն կարեւոր նպատակներով, ինչպիսին են լրագրողները, այլախոհները եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։





























