Ճապոնիան եւ ԱՄՆ-ը աշխատում են սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում վարչապետ Ֆումիո Կիսիդայի եւ նախագահ Ջո Բայդենի միջեւ գագաթաժողով կազմակերպելու ուղղությամբ՝ Արեւելյան Ասիայի անվտանգության խնդիրները քննարկելու համար, հաղորդում է Kyodo գործակալությունը։
«Թայվանի վրա չինական ճնշման աճը, Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումների սպառնալիքները եւ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը քննարկվելիք հարցերի թվում են։ Գագաթաժողովն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի կուլիսներում»,- հայտնել է Kyodo-ն՝ վկայակոչելով երկու երկրների կառավարական աղբյուրները:
Թայվանի հարցը բաց է 1949 թվականից, երբ մայրցամաքում հռչակվեց կոմունիստական Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, իսկ «Գոմինդան» կուսակցությունը, որը նախկինում կառավարում էր երկիրը, փախավ Թայվան: Պեկինը պնդում է «մեկ Չինաստանի սկզբունքը», ըստ որի անհնար է միաժամանակ ճանաչել եւ՛ ՉԺՀ-ն, եւ՛ Չինաստանի Հանրապետությունը Թայվանում։ 2022 թվականին իրավիճակը տարածաշրջանում սրվել է Թայվան ամերիկյան պատվիրակությունների այցերի պատճառով։
Ավելի վաղ Հյուսիսային Կորեան օրենք էր ընդունել, որով իրեն իրավունք է վերապահում ինքնապաշտպանության նպատակով կանխարգելիչ միջուկային հարվածներ հասցնել։ Երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ միջուկային կարգավիճակը դարձնում է «անշրջելի» եւ արգելում է ապամիջուկայնացման վերաբերյալ ցանկացած բանակցություն։





























