Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Սամվել Մնացականյանը դիմել է վարչական դատարան` վիճարկելով Արդարադատության խորհրդի կայացրած, իրեն պաշտոնանկ անելու մասին որոշումը, ինչպես նաեւ դրան հաջորդած, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը:

Նախկին դատավորը պահանջում է առ ոչինչ ճանաչել դրանք: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Մնացականյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։Նրա պնդմամաբ, Արդարադատության խորհրդի որոշումն ապօրինի է, եւ Հայաստանի նախագահը հրամանագիրը ստորագրել է հենվելով այդ ապօրինի որոշման վրա:

«Երկրի ղեկավարին, ամենայն հավանականությամբ, եղելությունը ճիշտ չեն ներկայացրել։ Մենք այդ հանգամանքը ներկայացրել ենք մեր հայցում»,- պարզաբանեց Արտակ Զեյնալյանը։Սամվել Մնացականյանի ներկայացուցիչը նաեւ ընդգծեց, որ որոշման առ ոչինչ լինելու հարցը բարձրացրել են՝ ելնելով այն հանգամանքից, որ խորհրդակցական սենյակում գտնված բոլոր անձինք չէ, որ ստորագրել են որոշումը:

Խորհրդակցական սենյակում գտնվել են Արդարադատության խորհրդի 9 անդամներ, մինչդեռ որոշումը ստորագրել են նրանցից 7-ը։ «Սակայն օրենքը պահանջում է, որ որոշումը ստորագրեն Արդարադատության խորհրդի բոլոր անդամները»,- ամփոփեց Զեյնալյանը։ 

Նշենք, որ հունիսի վերջին Արդարադատության խորհուրդը որոշում էր կայացրել միջնորդել Հայաստանի նախագահին` դադարեցնելու դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները, ինչից հետո Սերժ Սարգսյանի հուլիսի 11-ի հրամանագրով Մնացականյանի լիազորությունները դադարեցվել էին։

 Հիշեցնենք, որ որոշումն ու հրամանագիրը բուռն արձագանք էին գտել հայաստանյան փաստաբանական շրջանակներում։ Շատ փաստաբաններ կարծիք էին հայտնել, թե Սամվել Մնացականյանի պաշտոնանկությամբ Վճռաբեկ դատարանի ղեկավարությունը (որի նախագահ Արման Մկրտումյանը նաեւ Արդարադատության խորհրդի նախագահն է) որոշել է դաս տալ դատավորներին, որպեսզի այսուհետ ինքնուրույն որոշումներ չկայացվեն: