Վաղուց պարզ է, որ Թուրքիան ձգտում է Կենտրոնական Ասիայում ստեղծել միջանկյալ, առանձին գեոհամակարգ, որը կշարժվի եւ կգործի ինքնավար՝ օգտագործելով եվրատլանտյան Արեւմուտքի մրցակցությունը եւ եվրասիական պետությունների մոտալուտ կոլեկտիվացումը՝ Ռուսաստան-Չինաստան համակարգի հիմքով: Այն, ինչ կատարվում է Հայաստանում, ուղղակիորեն կապված է Անկարայի նպատակի հետ, հունական City Times-ի իր հոդվածում գրում է պրոֆեսոր Կոնստանտինոս Գրիվասը։
Թուրքիան դե ֆակտո առաջատար է այս սխեմայում, որը բաղկացած է հիմնականում թյուրքալեզու երկրներից։ Ավելին, համակարգի ամենահզոր երկիրը՝ Պակիստանը, գտնվում է իր մեծ մրցակցի՝ Հնդկաստանի, ինչպես նաեւ իր մեծ դաշնակից Չինաստանի ստվերում, որը նրան երկրորդ տեղում է դնում մեծ հարեւաններ եւ անհրաժեշտ դաշնակիցներ չունեցող երկրի համեմատ:
Կենտրոնական եւ Հարավային Ասիայում այս միավորման առանցքը Թուրքիա-Ադրբեջան համակարգն է։ Իսկ նրանց միջեւ եղած խոչընդոտը Հայաստանն է։ Ուստի Հայաստանը պետք է մասնատվի Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակը եւ դրան հաջորդած աշխարհաքաղաքական խեղումն ու արբանյակացումը ավելի կամրապնդեն թուրք-ադրբեջանական պլանի միասնությունը։
Բացի այդ, դա նաեւ Թուրքիային կապահովի հեղինակություն եւ աշխարհաքաղաքական կշիռ, որն անհրաժեշտ է տարածաշրջանի մնացած հատվածն իր ուղեծիր բերելու համար: Ավելին, աշխարհաքաղաքականորեն չեզոքացնելով Հայաստանը՝ Ադրբեջանն ավելի անկախ կդառնա Մոսկվայից եւ կկարողանա էլ ավելի շրջվել դեպի Թուրքիա՝ ամրապնդելով թուրք-ադրբեջանական սխեման։
Թույլ մի տվեք, որ Հայաստանը միայնակ մնա։
Ընդհանրապես, Հայաստանի խեղումը եւ հետագա աշխարհաքաղաքական անշարժացումը, ինչին ձգտում է Բաքուն՝ Անկարայի ղեկավարությամբ, կամրապնդի Կենտրոնական Ասիայի թյուրքակենտրոն գեոհամակարգի ամբողջականությունը եւ նրա անկախությունը արտաքին միջամտությունից, ինչպես նաեւ ավելի կամրապնդի Թուրքիայի դերը՝ որպես անկախ դերակատար, որը պետք է պահի հավասարակշռությունը Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ եւ շանտաժի ենթարկի երկուսին էլ:
Այլ կերպ ասած՝ դա կամրապնդի Թուրքիայի հաղթաթղթերը եւ նրա դերը ձեւավորվող միջազգային համակարգում։ Իսկ ավելի ուժեղ Թուրքիայի համար ավելի հեշտ կլինի սկսել «մեծ հնարքը», որին նա ցանկանում է հասնել: Այսինքն՝ Հունաստանի եւ Կիպրոսի Հանրապետության աշխարհաքաղաքական անգործության պայմաններում Թուրքիան ավելի քիչ կվախենա ազդեցիկ դերակատարների արձագանքից եւ շատ ավելի շատ հաղթաթղթեր կունենա նրանց հետ բանակցելու համար։
Ահա թե ինչու է Հունաստանի պաշտպանությունը սկսվում է Հայաստանից։ Հունական դիվանագիտությունը պետք է գտնի Հայաստանին աջակցելու ցանկացած հնարավորություն։ Դա պայմանավորված է նրանով, որ միասնական եվրասիական համակարգում չկան մնացածից կտրված, մեկուսացած շրջաններ։ Այն, ինչ կատարվում է մի մասում, ազդում է մնացածի վրա:
Իսկ Հայաստանի վրա թուրք-ադրբեջանական հարձակումը Թուրքիային ավելի վտանգավոր է դարձնում Հունաստանի համար։
Եզրափակելով ասենք, որ Հայաստանին աջակցելը ոչ թե համերաշխության ակտ է մի ժողովրդի հանդեպ, ում հետ մենք շատ ընդհանրություններ ունենք, այլ քայլ, որն անհրաժեշտ է Հունաստանի անվտանգության եւ աշխարհաքաղաքական գործունեության համար՝ միասնական եւ անբաժանելի գեոհամակարգում։
Հունական դիվանագիտությունը եւ արտաքին քաղաքականությունը, որը վերջին տարիներին ցույց է տվել, որ ազատվել է գավառականության համախտանիշից, որով նախկինում տառապում էր, պետք է քայլեր ձեռնարկի։ Եվ, իհարկե, Հունաստանը պետք է ինքնուրույն գործի` չսպասելով եվրոպական մյուս երկրներին, որոնք նման խնդիրներ չունեն Թուրքիայի եւ Կենտրոնական Ասիայում նրա բարեկամների հետ:




























