Կիպրոսը եւ Իսրայելը պայմանավորվել են հնարավորինս արագ լուծել վաղեմի վեճը բնական գազի հանքավայրի շահագործման շուրջ, որը գտնվում է երկու երկրների ծովային սահմանների մոտ, հայտնում է AFP-ն։

Իսրայելի էներգետիկայի նախարար Կարին Էլհարարը Նիկոսիայում բանակցություններ է վարել իր կիպրացի գործընկեր Նատաշա Պիլիդեսի հետ՝ Միջերկրական ծովի արեւելյան ջրամբարի շահագործման շուրջ տասնամյա վեճին վերջ դնելու համար:

Նախարարները «պայմանավորվել են շարունակել կառուցողական գործընթացը «Աֆրոդիտե» եւ «Յիշայ» հանքավայրերի հարցում՝ արդար եւ արագ լուծման համար», ասվում է առեւտրի նախարարության հայտարարության մեջ։

Նշվում է, որ աշխատանքային խմբերը առաջընթաց են գրանցել, եւ «երկու կողմերն էլ լավատեսություն են հայտնել կարգավորման հնարավորությունների վերաբերյալ եւ կոչ են արել ներգրավված ընկերություններին շարունակել երկխոսությունը»: