Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը քաղբանտարկյալ է, իսկ նրա հանդեպ կայացված որոշումը՝ ոչ թե իրավական, այլ քաղաքական դրդապատճառներ ունի։ Օգոստոսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։
Նրա խոսքով, Հայաստանում առկա «ոստիկանական բեսպրեդելի» պայմաններում քաղաքացիները կատարյալ անպաշտպան են։ «Եթե իշխանություններն այսօր չեն ցանկանում փոխել ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի նկատմամբ խափանման միջոցը, ապա կան բոլոր հիմքերը պնդելու, որ նա քաղբանտարկյալ է, եւ նրա հետ կապված միջադեպը հրահրվել է իշխանությունների կողմից»,- նկատեց Լյուդմիլա Սարգսյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության աշխատակիցները օգոստոսի 9-ին բերման են ենթարկել ՀԱԿ 7 ակտիվիստների` Տիգրան Առաքելյանին, Սահակ Մուրադյանին, Արեգ Գեւորգյանին, Սարգիս Գեւորգյանին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին եւ Վահագն Գեւորգյանին: Ներկայումս անազատության մեջ է գտնվում միայն Տիգրան Առաքելյանը, ում մեղադրում են օգոստոսի 9-ին հատուկ ջոկատայինի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ:




























