Եվրահանձնաժողովը կուրվագծի աննախադեպ էներգետիկ ճգնաժամը զսպելու հետագա գործողությունները։ Նպատակն է խուսափել գազի գնի սահմանափակումից:
Եվրահանձնաժողովը մտադիր է եպտեմբերի 28-ին հրապարակել փաստաթուղթ՝ մանրամասնելով հետագա քայլերը՝ էներգետիկ շուկաներում անկայունությունը նվազեցնելու եւ առեւտրի ծավալը մեծացնելու համար։
Մինչ որոշ անդամ երկրներ պահանջում են գազի գնի վերին շեմ սահմանել, դիվանագետներն ասում են, որ քիչ հավանական է, որ Եվրահանձնաժողովը առաջ կքաշի գազի գնի ավելի լայն սահմանաչափ, հաղորդում է Bloomberg-ը:
ԵՀ-ն անդամ երկրներին ասել է, որ նոր կանոնները հաշվի կառնեն մատակարարման անվտանգության վերաբերյալ մտահոգությունները, նպատակ կունենան կանխել գազի պահանջարկի ցանկացած աճ, աջակցել ներքին շուկային եւ հետեւել կլիմայական թիրախներին։
Էներգետիկ ճգնաժամը կլինի ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման առանցքային թեման Պրահայում հոկտեմբերի 7-ին եւ եռամսյակային գագաթաժողովին, որը նախատեսված է հոկտեմբերի 20-21-ը Բրյուսելում:





























