Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օգոստոսի 30-31-ին տեղի կունենա Հայաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպումը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհդակցությանը ելույթ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Խորհրդակցության օրերին ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները կհանդիպեն նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, մի շարք նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարների հետ:
Հանդիպման մասնակիցները կքննարկեն Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր, միջազգային հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները:
Նախատեսվում է նաեւ հավաքի մասնակիցների այցելությունը Սուրբ Էջմիածին, ուր նրանց կընդունի Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն: Սեպտեմբերի 1-ին հավաքի մասնակիցները «Հայաստանը եւ արտաքին աշխարհը» թեմայով դասախոսություններով հանդես կգան Երեւանի ԲՈւՀ-երում:



























