Սեպտեմբերի 13-16-ին Մոսկվայում կկայանա WORLD FOOD MOSCOW 2011 սննդի եւ խմիչքների 20-րդ միջազգային ցուցահանդեսը, որին կմասնակցեն նաեւ հայկական ընկերություններ:
Ցուցահանդեսը բաղկացած է 11 բաժիններից, այդ թվում` ձուկ եւ ձկնամթերք, միրգ եւ բանջարեղեն, հրուշակեղեն, նպարեղեն, պահածոներ, կաթնամթերք, խմիչքներ եւ այլն: Մեծ հեղինակություն վայելող եւ ավանդւյթներ ունեցող այս միջոցառմանը մասնակցում են 58 երկրներ: Յուրաքանչյուր տարի սննդի ոլորտի ավելի քան 50,000 մասնագետներ տարբեր երկրներից այցելում են ցուցահանդես:
Ցուցահանդեսի միասնական հայկական տաղավարի ներկայացման եւ կազմակերպման համար ֆինանսական աջակցությունը տրամադրում է Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամը (FREDA):
ՀԳՏՏԶՀ-ն ներդրումային հիմնադրամ է, որը ստեղծվել է Հայաստանի կառավարության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) համատեղ աջակցությամբ: ՀԳՏՏԶՀ նորարարական ֆինանսական գործիքների միջոցով ներդրումներ է կատարում գյուղական ուղղվածություն ունեցող ՓՄՁ-ներում` միաժամանակ տրամադրելով նաեւ կառավարչական աջակցություն:
Միասնական հայկական տաղավարում ներկայացված են լինելու հետեւյալ 8 տեղական ընկերություննները` «Էդվագ գրուպ» ՍՊԸ-ն իր 365 գինիներ ապրանքանիշով, «Երեւանի գարեջուր» ՓԲԸ, «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ, «Չիզ Թաուն» ՓԲԸ, «Ալիշան» ՍՊԸ, «Մեղրու պահածոների գործարան» ՓԲԸ-ն, «Հայաստանի բարիքներ» ՓԲԸ- եւ «ՍԻՍ Նատուրալ» ՍՊԸ-ն:
Հիմնադրամն (FREDA) ունի բաժնեմասային կապիտալ ներդրում վերը նշված ընկերություններից վեցում: Վերոնշյալ ցուցահանդեսին մասնակցության նպատակն է նպաստել տեղական արտադրության ապրանքների առաջմղմանը եւ հայկական ընկերությունների արտահանման ծավալների մեծացմանը:




























