Թուրքիայի վարչապետի որոշումը` 1975 թ. Վճռաբեկ դատարանի կողմից  ազգային փոքրամասնությունների բռնագրավված գույքը վերադարձնելու մասին,  ոգեշնչվելու առիթ չէ, քանի որ քայլ է` ուղղված  այդ երկրի  նոր իմիջի ձեւավորմանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Մելքոնյանի խոսքով` դեռ 2008թ-ին կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը խորհրդարան էր ներկայացրել «Հողային ունեցվածքի մասին» օրինագիծը, որն օրենքի ուժ ստացավ եւ հնարավորություն էր ընձեռում ազգային փոքրամասնություններին վերադարձնել 1936 եւ 1975-ին բռնագրավված սեփականությունը: Սակայն դրանից հետո սկսված գործընթացը շոշափելի արդյունք չտվեց. այդ ընթացքում միայն մի քանի հողատարածք վերադարձվեց օրինական տերերին, եւ այն էլ Եվրոպական դատարանի միջամտությամբ:

«Այս որոշումը պետք է դիտարկել որպես Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունների նկատմամբ ընդհանուր քաղաքականության մաս: Նույն համատեքստում պետք է դիտել նաեւ ազգային փոքրամասնությունների թերթերի ֆինանսավորումը: Սա կարեւոր քայլ է Թուրքիայի  նոր իմիջի ձեւավորման հարցում, ինչը նրա համար հանդուրժողական երկրի դեր կապահովի:  Սակայն եթե ընդունված որոշմանը համապատասխան քայլեր ձեռնարկվեն, դա կարելի է միայն ողջունել»,-նշեց Մելքոնյանը` մտավախություն հայտնելով, որ  կլինեն միայն իմիտացիոն քայլեր:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Թուրքիայի կառավարության «Պաշտոնական թերթը» օգոստոսի 28-ին հրապարակել է վարչապետի որոշումը, ըստ որի ազգային փոքրամասնությունների գույքը, որը նրանցից բռանգրավվել էր 1975թ. Վճռաբեկ դատարանի որոշմամբ, պետք է վերադարձվի օրինական տերերին:

Համաձայն որոշման` ազգային փոքրամասնությունների 162  հիմնադրամներին պատկանոդ անշարժ գույքը պետք է վերադարձվի 12 ամսվա ընթացքում:

Հայտնի է, որ միայն Ստամբուլում  պետք է վերադարձնեն հայ եկեղեցու հիմնադրամներին պատկանող  30 կառույց: