ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը, ում տունը վերջերս թալանել էին, չի ցանկանում խոսել այս միջադեպի մասին: Դեպքից հետո NEWS.am-ը զանգահարեց նրան` մի շարք մանրամասներ ճշտելու, բայց նա չցանկացավ խոսել` պատճառաբանելով, որ այժմ դրա ժամանակը չէ: «Հետո կխոսենք, երբ մի շաբաթ անցնի, որ մի քիչ խելքի գամ, կխոսենք»,- խնդրեց նախկին պատգամավորը:
Մեկ շաբաթ անց` օգոստոսի 29-ին, NEWS.am-ը նորից զանգահարեց նրան` զրուցելու, բայց Նապոլեոն Ազիզյանը այս անգամ էլ զրուցելու ցանկություն չուներ: Շատ քիչ հարցերի պատասխաններ հաջողվեց ստանալ:
Այսպես` իր տունը թալանելու մեջ նա որեւէ մեկին չի կասկածում, թշնամիներ էլ երբեւէ չի ունեցել. «Ես թշնամի չունեմ»,- ասաց Նապոլեոն Ազիզյանը: Ինչ վերաբերում է նրա բնակարանից գողացված «հարուստ» ավարին եւ թե որտեղից նախկին պատգամավորին այդքան գումար, նա պատասխանեց. «Ես հո չեմ դրել հաշվել` ինչ են տարել, ինչ չեն տարել, մոտավորապես հաշվել, գրել են»,- նշեց նա:
Նապոլեոն Ազիզյանը, կինը եւ նրա դուստրն այժմ իրենց լավ են զգում. «Ես ոչ մի բանով զբաղված չեմ, ես մեր տանն եմ, տանից մի քանի օր է` դուրս չեմ եկել, մի քիչ վատ եմ ինձ զգում: Ոչ մի բանով չեմ զբաղվում»,- ասաց նա` ի պատասխան հարցի, թե ինչով է այժմ զբաղվում, եւ որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ պատրաստվո՞ւմ է արդյոք նախընտրական շրջանին:
Ի դեպ, նախկինում Ազիզյանը Արտաշես Գեղամյանի ղեկավարած «Ազգային միաբանություն» կուսակցությունից էր: Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին, ժամը 05.00-ին, դիմակավորված 5 անձինք, պատշգամբով մտել են ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի` Կիլիկիա թաղամասի Սիսվանի փողոցի թիվ 57 տուն, ծեծի ենթարկել նրան, կնոջը եւ դստերը ու զենքի սպառնալիքով հափշտակելով 3 մլն դրամ, 20 հազար դոլար, ոսկյա զարդեր եւ արժեքավոր 6 նկարներ` դիմել են փախուստի: Այս միջադեպից հետո Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրահանգել է միավորել մայրաքաղաքում կատարված ավազակային հարձակման 5 դեպքերի առնչությամբ քրեական գործերը եւ համատեղ նախաքննություն իրականացնել՝ քննությունը հանձնարարելով Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության: «Քրեական գործերի վերլուծությունը վկայում է, որ մայրաքաղաքում գործում է կայուն, զինված ավազակային խումբ, որի բացահայտումը պետք է լինի քննության առաջնային նպատակը»,- ասել է գլխավոր դատախազը՝ ցուցում տալով հարուցված քրեական գործերը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածով (Ավազակային հարձակում): Դրանից հետո կայացած ասուլիսում ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը նշել էր, որ հնարավոր է, որ մի քանի ավազակային հարձակում իրականացրած խմբավորման մեջ ներառված են իրավապահ համակարգի նախկին կամ ներկա աշխատակիցներ:
Նշենք, որ Աժ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի տան թալանից առաջ եւս երկու նմանատիպ դեպք էր պատահել: Այս տարվա հունիսին դիմակավորված անձինք ավազակային հարձակում էին գործել «Լինսի» հիմնադրամի «Ճանապարհային շինարարություն» ծրագրի գրասենյակի նախկին տնօրեն Էդվարդ Բեզոյանի տան վրա:




























