«Ջուլիա» փոթորիկը հասել է Մեքսիկա՝ հեղեղումներ առաջացնելով Ակապուլկոյում եւ Գերերո նահանգի այլ վարչական շրջաններում, տեղեկացրել են տեղի ԶԼՄ-ները։
El Salvador թերթը հրապարակել է լուսանկարներ, որոնցում երեւում են հեղեղումների հետեւանքները երկրի առավել տոււժած շրջաններից մեկում՝ Սան Միգելի Ռիո Գրանդե կանտոնում։ Ջուրը կես ժամվա ընթացքում հեղեղել է տեղի բնակիչների տները մեկ մետրից ավելի բարձր եւ ոչնչացրել գույքն ու կենդանիներին։ Բնակիչները դժգոհել են, որ իշխանությունները չեն դիմել իրենց՝ օգնություն ցուցաբերելու համար։
Գերերո նահանգի կրթության նախարարության տեղեկատվությամբ՝ Կոստա Չիկա, Ակապուլկո, Կոստա Գրանդե վարչական շրջաններում եւ Սիերայի վերին մասում հեղեղումների պատճառով ստիպված են եղել չեղարկել դասերը եւ կրթական հաստատություններն օգտագործել որպես ապաստարաններ։
Նշվել է, որ ջուրը քշել-տարել է մի քանի մարդկանց՝ մոտոցիկլավարի, մի կնոջ եւ մոտ վեց ուսանողի. նրանց ճակատագիրն անհայտ է։
«Ջուլիա» արեւադարձային ցիկլոնը կիրակի օրվանից հսկայական վնաս է պատճառել Հարավային եւ Կենտրոնական Ամերիկայի երկրներին։ Վենեսուելայից մինչեւ Մեքսիկա հեղեղումները տասնյակ կյանքեր են խլել, դրանցից տուժել են հարյուր հազարավոր մարդիկ։
Հոկտեմբերի 9-ին «Ջուլիա» փոթորիկը հասել է Նիկարագուայի ափերին։ Օդերեւութաբանները փոթորիկների ԱՄՆ Ազգային կենտրոնի (NHC) կայքում նախազգուշացրել էին, որ փոթորկի պատճառով հնարավոր են հորդառատ անձրեւներ եւ ջրի ուժեղ հոսքեր Կենտրոնական Ամերիկայում եւ Մեքսիկայի հարավում։





























