Ուկրաինայի արեւմտյան մի քանի շրջաններում պայթյուններ են որոտացել։ Խոսքը, մասնավորապես, Լվովի եւ Տերնոպոլի մարզերի մասին է, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։
Լվովի մարզում պայթյունները հաստատել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին։
«Լվովի մարզում աշխատել է ՀՕՊ։ Մանրամասները՝ ավելի ուշ։ Մնացեք ապաստարաններում: Վտանգը պահպանվում է»,- գրել է նա։
Տերնոպոլի մարզում պայթյունների ձայների մասին ականատեսները հայտնել են սոցիալական ցանցերում։ Չեռնովիցկայա մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Զապարանյուկը հայտնել է, որ Բուկովինայի վրայով հրթիռի թռիչք է գրանցվել։ Հրթիռային հարձակումների սպառնալիքի մասին տեղի բնակիչներին նաեւ Իվանո-Ֆրանկիվսկի մարզի ռազմական վարչակազմի ղեկավարն է զգուշացրել։





























