Աճող մտավախությունները, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է միջուկային զենք կիրառել, վեճեր են առաջացրել այն մասին, թե ինչպիսին են իրական «կարմիր գծերը» Մոսկվայի եւ Վաշինգտոնի համար: ԱՄՆ-ն ի պատասխան խոստացել է «աղետալի հետեւանքներ», սակայն նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը տված հարցազրույցում հրաժարվել է որեւէ մանրամասներ հայտնել ԱՄՆ պատասխանի մասին։
Պաշտպանության նախկին նախարար Լեոն Պանետան ասել է, որ Բայդենը պետք է հստակ հասկացնի, որ եթե Պուտինը ընտրի միջուկային ուղին, ապա ԱՄՆ-ը «չի զսպի իրեն ուկրաինացիներին ուղղակի աջակցություն ցուցաբերելու հարցում»։ «Նախագահը խոսում է Արմագեդոնի մասին, խոսում է աղետալի հետեւանքների մասին։ Եթե Պուտինը միջուկային զենք կիրառի, ապա նա բաց կթողնի միջուկային ջինին շշից»,- ասել է նա The Hill-ին:
Անվտանգության հարցերով մի քանի վերլուծաբաններ The Hill-ին ասել են, որ երկիմաստությունը Պենտագոնին եւ Սպիտակ տանը անհրաժեշտ ճկունություն է տալիս:
«Այն, ինչ դուք չեք ցանկանում անել, կոնկրետ խոսելն է, քանի որ այդ դեպքում Պուտինին թույլ եք տալիս հաշվարկել»,- ասել է ԱՄՆ ռազմածովային հետախուզության նախկին սպա Սթիվեն Հորելը, որն այժմ աշխատում է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնում:
Վարչակազմի ներկայիս դիրքորոշումը, նրա խոսքով, այն է, որ կլինեն հետեւանքներ, սակայն մանրամասների բացակայությունը ԱՄՆ-ին որեւէ վերջնագրի առաջ չի կանգնեցնում։
2012 թվականին Օբաման ելույթ ունեցավ՝ խոստանալով միջամտել Սիրիայի պատերազմին, եթե նախագահ Բաշար ալ Ասադի ուժերը քիմիական զենք կիրառեն, բայց հետո չկատարեցին այդ խոստումը։
«Կարմիր գծեր» անցկացնելը հղի է էսկալացիայի վտանգով, քանի որ երկու կողմերն էլ կներքաշվեն միմյանց հետ վտանգավոր դիմակայության մեջ, ասում է Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնից Մաթյո Դրուանը: «Եթե ինչ-որ պահի ԱՄՆ-ը հայտնվի այնպիսի դիրքում, որ պետք է արձագանքի, ակնհայտ է, որ դա կլինի էսկալացիայի խթան»,- ասել է նա:
Այնուամենայնիվ, Դրուանն ասել է, որ Ռուսաստանի հետ Ուկրաինայում նրա գործունեության «սահմանափակումների եւ ռիսկերի» վերաբերյալ դիսկրետ քննարկումները իմաստ ունեն «էսկալացիայի ռիսկը կառավարելու համար»:
Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի դպրոցի Ռուսաստանի հարցերով փորձագետ Քրիս Միլլերն ասում է, որ Պուտինը չի հաղորդել «հստակ» եւ «արժանահավատ» կարմիր գծերի մասին, ինչը, նրա կարծիքով, լավ նշան է միջուկային զենք օգտագործելու Մոսկվայի պատրաստակամության տեսանկյունից:





























