Ցածր տոկոսադրույքների եւ «ազատ փողի» դարաշրջանից ԱՄՆ տնտեսության պարադիգմային հրաժարումը ցավալի կլինի, ասում է միլիարդատեր ներդրող եւ Bridgewater Associates-ի հիմնադիր Ռեյ Դալիոն:
«Խնդիրների մասշտաբի պատճառով, որոնց հետ մենք առնչվում ենք, մենք բախվում ենք անսովոր մասշտաբայնության»,- ասել է Դալիոն Bloomberg-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը երեք հակասական մարտահրավերների առջեւ է կանգնած՝ վատ տնտեսական իրավիճակ, որը պայմանավորված է պարտքի մակարդակի աճով եւ «ծիծաղաշարժ հիմար» ցածր տոկոսադրույքներով, դեմոկրատների եւ հանրապետականների միջեւ քաղաքական բախումներ եւ Ուկրաինայի պատերազմի տնտեսական հետեւանքներ: «Ավանդաբար այս երեք բաները ներկայացնում են կատարյալ փոթորիկ: Դրանք բոլորն էլ ազդում են միմյանց վրա»,- ասել է Դալիոն:
Գնաճը նվազեցնելու համար Դաշնային պահուստային համակարգը սկսել է տոկոսադրույքների բարձրացման ագրեսիվ շարք՝ հինգն այս տարի, եւս մեկը նախատեսված է 2023 թվականին:
Դա հրաժարում է չափազանց ցածր տոկոսադրույքներից, որոնք ԴՊՀ-ն պահպանել է համավարակի մեծ մասի ընթացքում, եւ որոնք Դալիոն անվանել է «ծիծաղաշարժ հիմարություններ»:
Նա նշել է, որ համավարակի ժամանակ ԴՊՀ-ի ցածր տոկոսադրույքները եւ պետական խթանման լայնածավալ ծրագրերը ետեւում են թողել շատ պետական պարտքեր՝ ստեղծելով «փուչիկ» ԱՄՆ տնտեսության մեջ։ Կենտրոնական բանկը այժմ փորձում է շտապ սեղմել այդ փուչիկը` դանդաղեցնելով տնտեսությունը, բայց այս գործընթացն անխուսափելիորեն «ցավ» կպատճառի շուկաներին։
Եվ չնայած գնաճի արագ իջեցումը ԴՊՀ-ի առաջնահերթությունն է, կենտրոնական բանկը եւս ստիպված է պայքարել երկու՝ ներքին եւ միջազգային հակամարտությունների դեմ, որոնք սպառնում են էլ ավելի լարել տնտեսությունը:
Դալիոն ասել է, որ «անհաղթահարելի տարաձայնություններ» կան ձախ եւ աջ քաղաքական կուսակցությունների միջեւ, որոնք այժմ ղեկավարում են ԱՄՆ-ը, եւ որ դա նպաստել է բարեկեցության մակարդակում հսկայական բացի եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամի առաջացմանը, ինչպիսին երկիրը չէր տեսել 20-րդ դարի սկզբից:
Բացի այդ, ուկրաինական պատերազմը սպառնում է էլ ավելի մեծ բեռ դնել ԱՄՆ-ի տնտեսության վրա, քանի որ ԴՊՀ-ն պայքարում է գնաճից դուրս գալու համար: Պատերազմը մինչ այժմ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, ներառյալ ԱՄՆ-ին, արժեցել է մոտ 8 տրիլիոն դոլար, ասել է Դալիոն, ընդ որում վերակառուցման ծախսերը, հավանաբար, կշարունակեն կուտակվել ԱՄՆ տնտեսության մեջ: «Մենք չենք պատրաստվում դադարեցնել ծախսերը, ուստի պետք է ինչ-որ կերպ հասնել այս ֆինանսական հավասարակշռությանը»,- հավելել է նա:





























