Նիդեռլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրի ավագ դուստրը՝ Կատարինա-Ամալիան, հարկադրված է եղել վերադառնալ Ամստերդամի համալսարանի հանրակացարանից եւ մաֆիայի սպառնալիքների պատճառով փաստացի փակվել է պալատում, հայտնում է The Guardian-ը։
18-ամյա արքայադստեր՝ համալսարանական կամպուսից Հաագայի Հայս-տեն-Բոս պալատ տեղափոխության մասին հայտարարել են թագավորական ընտանիքի ներկայացուցիչները։ Հինգշաբթի՝ հոկտեմբերի 13-ին Շվեդիա կատարած այցի ժամանակ Վիլլեմ-Ալեքսանդր թագավորն ասել է, որ իր երկրում «շատ բարդ իրավիճակ» է ստեղծվել։
Վարչապետ Մարկ Ռյուտեն մտահոգություն է հայտնել ներկայիս իրավիճակի վերաբերյալ եւ «սարսափելի» կոչել։ Նիդեռլանդների արդարադատության եւ անվտանգության նախարար Դիլան Յեշիլգես-Զեգերիուսն իր հերթին ասել է, որ իր գրասենյակը երաշխավորում է արքայադստեր լիակատար անվտանգությունը։
Այն, որ Նիդերլանդների 18-ամյա արքայադուստր Կատարինա-Ամալիան կարող է դառնալ հանցավոր խմբավորումների հարձակման թիրախ, հայտնի է դարձել սեպտեմբերին։ Այնուհետեւ հաղորդվել է, որ աղջկան կարող են առեւանգել այսպես կոչված «Մոկրո մաֆիայի» ներկայացուցիչները՝ Մարոկկոյի հանցավոր սինդիկատը, որը վերահսկում է Եվրոպայում կոկաինի շրջանառության մեկ երրորդը:





























