Զանզիբարի կառավարությունը հետաքննում է Տանզանիայի կղզիների մոտ ծովախեցգետինների զանգվածային մահը։ Սեպտեմբերի 28-ից հաղորդումներ են ստացվում Մտոնիի, Միսինգանիի եւ Ֆորոդանիի հանրային ափեր նետված սատկած խեցգետինների մասին, հաղորդում է BBC-ն։
Կառավարությունը հորդորում է մարդկանց չանհանգստանալ։ Զեկույցներում նշվում է, որ պատճառը կարող է կլիմայի փոփոխությունը լինել, որը հանգեցրել է ծովի ջերմաստիճանի կտրուկ փոփոխության:
«Որոշ կենդանի արարածներ, ինչպիսիք են լողացող խեցգետինները, չեն կարող դիմակայել ծովում հանկարծակի փոփոխություններին, եւ նրանք մահանում ու ափ են նետվում»,- ասել է Զանզիբարում ծովային կենսաբան եւ զարգացման ու ձկնորսության հարցերով տնօրեն, դոկտոր Սալում Սուդը:
«Օվկիանոսի ջրերն ունեն տարբեր ջերմաստիճաններ, ուստի ալիքները ստիպում են իրենց տակ գտնվող ջրերին բարձրանալ վերեւ, ինչը կարող է հանգեցնել թթվածնի ցածր պարունակության, այդ պատճառով էլ, հավանաբար, ծովախեցգետինները սատկում են»,- հավելել է նա:





























