Scientific Reports ամսագիրը հոդված է հրապարակել, որտեղ նկարագրվում է Մաքս Պլանկի անվան Մարդու զարգացման ինստիտուտի եւ Համբուրգ-Էպենդորֆի համալսարանական հիվանդանոցի (UKE) գիտնականների հետազոտությունը, որն ապացուցում է, որ թռչունների երգը նվազեցնում է տագնապայնությունն ու իռացիոնալ մտքերը:

295 մարդկանց մասնակցությամբ հետազոտության ընթացքում գիտնականներն օգտագործել են պատահական առցանց թեստ, որպեսզի պարզեն, թե ինչպես է երթեւեկության աղմուկը եւ թռչունների երգն ազդում տրամադրության, պարանոյայի եւ կոգնիտիվ գործառույթների վրա: Փորձարկվողները վեց րոպե պետք է լսեին թռչունների երգը կամ փողոցում երթեւեկության աղմուկը: Լսումներից առաջ եւ հետո նրանք լրացրել են հոգեկան առողջության հարցաթերթիկներ եւ անցել կոգնիտիվ թեստեր։

«Յուրաքանչյուր մարդ ունի որոշակի հոգեբանական հակումներ։ Նույնիսկ առողջ մարդիկ կարող են ունենալ տագնապալի մտքեր կամ ժամանակավոր պարանոիդալ զգացումներ: Հարցաթերթիկները մեզ թույլ են տալիս բացահայտել մարդկանց հակումները՝ առանց դեպրեսիայի, տագնապայնության կամ պարանոյայի ախտորոշման, եւ ուսումնասիրել, թե ինչպես են այդ միտումների վրա ազդում թռչունների ձայները կամ երթեւեկությունը»,- ասում են հետազոտողները:

Պարզվել է, որ թռչունների երգ լսելը նվազեցրել է տագնապայնությունն ու պարանոյան առողջ մասնակիցների մոտ եւ էական ազդեցություն չի ունեցել դեպրեսիայի վրա: Երթեւեկության աղմուկը, հակառակը, ավելացրել է դեպրեսիվ վիճակները, հատկապես, եթե ձայնագրության մեջ եղել են երթեւեկության բազմաթիվ տարբեր ձայներ:

Հետազոտողները նաեւ պարզել են, որ ո՛չ թռչունների երգը, ո՛չ էլ ճանապարհի աղմուկը չեն ազդել կոգնիտիվ ունակությունների վրա: Մասնագետները նշում են, որ թռչունների երգը կարելի է օգտագործել հոգեկան խանգարումների կանխարգելման համար, քանի որ բնությունը բարելավում է հոգեկան առողջությունն ու բարեկեցությունը։