Քաղաքացի Կարեն Ջավահիրյանի դրամապանակը օգոստոսի 27-ին գողացել են Կոմիտասի պողոտայի  60/2 հասցեում գտնվող «Երեւան Սիթի» սուպերմարկետի կայանատեղիում կանգնած նրա մեքենայի միջից, որից հետո նա պարզել է, որ սուպերմարկետի տեսախցիկները չեն հսկում ոչ միայն կայանատեղիի տարածքը, այլեւ սուպերմարկետի ներսում հաճախորդների պայուսակների պահման վայրում:

NEWS.am-ի խմբագրություն ահազանգած Կարեն Ջավահիրյանը պատմեց. «Քանի որ կոնկրետ առեւտուր չէի անելու, դրամապանակս չվերցրի: Կնոջս հետ էի, դրամապանակս թողեցի կնոջս պայուսակում, որովհետեւ մեկ-երկու րոպեով էի մտնում: Դա տեւեց կես ժամ, վերադարձա մեքենա, այդ ժամանակ ոչինչ չնկատեցի, պայուսակը տեղում էր,  կողպեքները փակ էր, ճանապարհին այլ գնում կատարելուց տեսա, որ չկա դրամապանակս: Հետո նկատեցի, որ մեքենայի կողպեքի վրա կան բռնության հետքեր: Ես հստակորեն հիշում եմ, որ փակել եմ դուռը եւ հստակորեն հիշում եմ, որ բացել եմ»

Կարեն Ջավահիրյանի դրամապանակում կար ավելի քան 120 հազար դրամ, բանկային եւ այլ քարտեր: Հայտնաբերելով, որ դրամապանակը անհետացել է, վերադարձել է «Երեւան Սիթի»` ակնկալելով, որ այնտեղի տեսախցիկները ֆիքսած կլինեն տեղի ունեցածը: Բայց սուպերմարկետի աշխատակիցը նրան ասել է, որ տեսախցիկներ չկան ավտոկայանատեղիի եւ պահարանատեղիների հատվածում: Նրա խոսքով` ավտոկայանատեղիի տարածքում գտնվող մարդիկ եւս ոչինչ չէին տեսել, կայանտեղին հսկող մարդ չկար, ընդամենը մի մարդ կար, ով օգնում է իրերը հանել զամբյուղից եւ տեղավորել: «Ավտոկայանատեղին անվճար է, ինչը եւս հուշում է, որ դա «Սիթի» տարածքն է»,- ասաց Կարեն Ջավահիրյանը:

Քաղաքացին  նամակ է գրել  «Երեւան Սիթիի» ղեկավարությանը` առաջարկելով տեսախցիկներով վերահսկել նաեւ պահարանտեղիներն ու ավտոկայանտեղիները: «Ոչ թե նպաստավոր պայմաններ ստեղծել գողերի համար,այլ հաճախորդների»,- նշեց Կարեն Ջավահիրյանը:

Նա դիմել է նաեւ Ոստիկանություն, բայց այստեղ նրան «համոզել» են բողոք չգրել, խոստանալով, որ առանց այդ բողոքի կգտնեն գողին:  «Երեւան Սիթիի» ղեկավարությունից եւս պատասխան չի ստացել:

Իսկ ահա, Կոմիտասի պողոտայի 60/2 հասցեում գտնվող «Երեւան Սիթի» սուպերմարկետի տնօրեն Արսեն Հակոբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պնդեց, որ իրենց խանութում տեսախցիկներ են տեղադրված նաեւ պահարանատեղիների ուղղությամբ: Իսկ ավտոկայանատեղիներում տեսախցիկներ, տնօրենի խոսքով, կտեղադրեն վերանորոգումից հետո, որն այժմ այդտեղ ընթանում է: Տնօրենը տեղյակ չէր, որ իր ղեկավարած «Երեւան Սիթիում» գողություն է եղել: Նա չնշեց նաեւ, թե իրենց խանութում քանի տեսախցիկ է տեղադրված. «Կներեք դա չեմ կարող ասել, դա ոնց որ հարցնեք, թե սեյֆի բանալին որտեղ է»,- նշեց տնօրենը: Ստացվում է, որ խանութի ղեկավարությունը աչքի լույսի պես եւ տասնյակ տեսախցիկներով  վերահսկում է իր ապրանքները, իսկ իր հաճախորդների իրերի հանդեպ բացարձակ անտարբերություն է դրսեւորում: 

Օրինակ` վերջերս մեր ընթերցողներից մեկը բորբոքված զանգահարել էր NEWS.am-ի խմբագրություն եւ պատմել, թե ինչ գրոհի է ենթարկվել «Երեւան Սիթիի» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցների կողմից: Իսկ պատճառն այն է եղել, որ կինը հանդգնել էր հեռախոսոսվ նկարել թանկարժեք «բոնբոներկա»` իր նշանվող տղային ցույց տալու եւ հավանության արժանանալու դեպքում գնելու համար: Սակայն, նկարելուց հետո «Երեւան Սիթիի» անվտանգության աշխատակիցները եկել եւ խլել են կնոջից հեռախոսը, վիճել նրա հետ, թե ինչ իրավունք ունի նկարել իրենց տարածքում: Կինն, իհարկե, բացատրել է, որ պատրաստվում են գնալ նշանդրեքի եւ նկարել էր տղային ցույց տալու համար, սակայն անվտանգության աշխատակիցները ստիպել են նրան ջնջել նկարը, այլապես չէին վերադարձնելու հեռախոսը:

Հետաքրքիր է, իսկ ի՞նչ են անում «Երեւան Սիթի» անվտանգության աշխատակիցները, երբ նրանց սուպերմարկետի ավտոկայանատեղիից գողություն են անում օրը ցերեկով, ինչո՞ւ նրանք այդպես ջանասիրաբար չեն շտապում պահպանել եւ պաշտպանել իրենց հաճախորդներին եւ նրանց իրերը:

 

Պատրաստեց  Ինգա Մարտինյանը