Գյումրեցի Ռիմա Պետրոսյանի 12 եւ 15 –ամյա որդիները այս տարի դպրոց չեն գնա, քանի որ չունեն անհրաժեշտ պիտույքներ եւ հագուստ: Ռիմա Պետրոսյանի խոսքով՝ արդեն մեկ շաբաթ շրջում է Գյումրիի խանութներով, խնդրում է վերցնել անձնագիրն ու աշակերտական պիտույքներ տալ, բայց հրաժարվում են:

«Պարտքով չեն տալիս, անձնագիրս եմ տալիս, ասում եմ, վերցրեք մեկ ամիս հետո նպաստս ստանամ, կբերեմ՝ անձնագիրս կտաք, բայց չեն հավատում, չեն տալիս»,-ասել է Ռիմա Պետրոսյանը:

Տիկինը 4 անչափահաս երեխա ունի, նրանցից  ավագը մանկուց հաշմանդամ է՝ ընտանիքի ֆինանսական գրեթե բոլոր միջոցները ծախսվում են դեղերի վրա:  Կինը հագուստի խնդիրը փորձել է լուծել անցած տարիներին՝ կարկատելու միջոցով, իսկ գրենական պիտույքների հարցն առավել բարդ է: