Թերթը սահմռկեցուցիչ մի դեպքի մասին է պատմում:

«2010թ. ապրիլի 27-ին 17։30-ի սահմաններում ոստիկանությունում ահազանգ էր ստացվել «Արմենիա» բժշկական կենտրոնից, որ մարմնական վնասվածքով, կրծքավանդակի շրջանում ծակած, կտրած վերքով հիվանդանոց է ընդունվել անչափահաս, Պռոշյան գյուղի բնակիչ Հրաչ Գալստյանը: Ահազանգի հիման վրա ոստիկանության աշխատակիցները անմիջապես եղել են հիվանդանոցում եւ ձեռնարկված միջոցառումներով պարզվել էր, որ երեխային վնասվածք է պատճառել հարազատ մայրը` Ռիտա Գալստյանը»:

Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Արթուր Սարգսյանի այս նախաբանից հետո միանգամից բազմաթիվ հարցեր են առաջանում: Մասնավորապես հարց է առաջանում` ինչպե՞ս կարող է Հայաստանում նման բան տեղի ունենալ, չէ՞ որ հայ ընտանիքներում ավանդաբար երեխաների հանդեպ այնքան մեծ գորովանք կա, սեր, հաճախ նույնիսկ հիվանդագին: Այդուհանդերձ մեր իրականության մեջ էլ գոյություն ունեն երեխաներ, որոնք բռնության ու անտեսվածության տառապանքներն են կրում:

Ա.Սարգսյանի հետ զրույցը մեր առջեւ հետեւյալ տեսարանն է պարզում. մայրը կարտոֆիլ մաքրելու դանակով դիտավորյալ հարվածում է իր անչափահաս երեխային, եւ հարվածը հենց սրտի ուղղությամբ է լինում, ուստի վնասում է նրա սրտապարկը, ստոծանին, ստամոքսի առաջնային պատը` ծանր վնաս պատճառելով տղայի առողջությանը, ըստ էության, այդպիսով առաջացնելով կյանքին սպառնացող լուրջ վտանգ:

Պատկերացնո՞ւմ եք հայ մայր, որ իր 7-ամյա, անչափահաս զավակին կարող է պարբերաբար հոգեֆիզիկական ցավի ու կտտանքների ենթարկել` տարբեր առիթներով պատժելով. ձեռքերով, փայտով, գոտու ճարմանդով, փոկով եւ տարբեր այլ առարկաներով հարվածելով նրա գլխին եւ մարմնի մյուս մասերին: Եվ կամ` մետաղյա շղթայով կապել մահճակալին կամ ծառին, տան աստիճաններից եւ այլն:

Ա.Սարգսյանի խոսքով` նա առաջին անգամը չէ, որ հանցագործություն է կատարում, նախկինում 3 անգամ դատված էր եղել, ընդ որում, 3-րդ անգամ ավազակային հարձակման մեղադրանքով 9 տարվա ազատազրկման էր դատապարտվել: Եվ ահա նորից հանցագործություն էր կատարել:

«Փաստի առթիվ նույն օրը հարուցվեց քր. գործ, Քր. օր-ի 112 հ. 1-ին մասով, դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքով: Նախաքննությամբ հիմնավորվեց, որ Ռ.Գալստյանի ընտանիքը բարձիթողի վիճակում ապրում էր Պռոշյան գյուղում: Նա ունի երկու երեխա, տուժած Հրաչից զատ նաեւ Սարգիս Գալստյանը: Ապրում էր քաղաքացիական ամուսնությամբ մի մարդու հետ, որից արդեն հանցագործություն կատարելու պահին 7 ամսական հղի էր»,- պատմում է մեր զրուցակիցը:

Մեզանից յուրաքանչյուրը հաստատ բռնության նման մոդել չի կարող պատկերացնել Հայաստանում: Բայց եկեք տեսեք, որ սադիստ մայրեր էլ կան` ահավասիկ, նրանցից մեկը՝ Ռիտա Գալստյանը, ձեր առջեւ է: Նրա ձեռքով իր անչափահաս որդիների մարմնի վրա բազմաթիվ սպիացած վերքեր կան:

«Գործի քննությամբ նշանակված փորձաքննությամբ պարզվեց, որ Ռ.Գալստյանը տարիներ շարունակ երեխաներին դաստիարակելու համար ընտրել էր դաժան մեթոդ. անչափահասների վրա կային բազմաթիվ մարմնական վնասվածքներ: Մասնավորապես Հրաչ Գալստյանի մարմնի վրա կար ընդհանուր թվով 58, իսկ Սարգիսի վրա 65 վնասվածք` կրծքին, թիկունքին խորը սպիներ էին»:

Նախաքննության տվյալներով` 5 տարի շարունակ մայրն ամեն չնչին առիթով խոշտանգել է երեխաներին: Երեխաներին կապել է մահճակալի ոտքին, մետաղյա շղթայով կամ այդ պահին ձեռքում եղած ցանկացած առարկայով հարվածել է նրանց գլխին, տարբեր մասերին` չնայելով, թե ինչ հետեւանքներ կարող են առաջանալ: Եվ, որպես կանոն, այդ պատռվածքների հետ կապված որեւէ տեղ չեն դիմել` փորձելով կենցաղային պայմաններում հարցերը կարգավորել:

Սույն քրեական գործի նախապատմությունը եւ զարմանք, եւ միաժամանակ զարհուրանք ու սարսափ է առաջացնում. մարդ դժվարանում է հավատալ իր աչք ու ականջին, ո՞նց կարող է մայրը դանակով միտումնավոր հարվածել իր տղային:

Իրականում ի՞նչ էր տեղի ունեցել:

Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Ա.Սարգսյանի պատմածով. «Ռ.Գալստյանի հարեւանը, որ միաժամանակ նրա տեգրոջ կինն է, բողոքել էր Հրաչի կողմից իր երեխային ծեծելու համար, մայրն էլ երեխային կանչել էր տուն, փորձել էր ճշտել` իրոք այդպիսի բան եղել է, թե ոչ, եւ երբ նա խուսափողական պատասխան էր տվել, մայրը մի ձեռքով բռնել էր երեխային, մյուս ձեռքով կարտոֆիլ մաքրելու դանակով հարվածել էր կրծքավանդակին եւ հրաշքով, բժիշկների միջամտությամբ երեխան կենդանի էր մնացել»:

Ըստ Ա.Սարգսյանի. «Գալստյանը նախաքննության եւ դատաքննության ընթացքում ամբողջապես ընդունեց մեղադրանքը։ Ի դեպ, նրան մեղադրանք առաջադրվեց նաեւ խոշտանգման հոդվածով (19 հ. 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետեր): Ընդհանուր առմամբ Ռ.Գալստյանը դատապարտվեց ազատազրկման 5 տարի ժամկետով` դատարանի դահլիճից կալանքի վերցվելով»,- գրում է «Հայոց աշխարհը»: