Բելառուսն առաջարկել է Հայաստանում վերելակների համատեղ արտադրություն սկսել։ Այս մասին Երեւանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։
«Պատմական կապերը, որոնք միավորում են մեր ժողովուրդներին, շատ ամուր են եւ հաջողությամբ դիմանում են ժամանակի փորձություններին: Ես լիովին համամիտ եմ եւ կիսում եմ մեր առեւտրատնտեսական ու քաղաքական հարաբերությունների ներկայիս փուլի վերաբերյալ Ձեր գնահատականները: Սկզբունքորեն վերջին տարիներին, եթե այդպես կոչենք, բավական լավ առաջ ենք շարժվել, եւ եթե 2000-ական թվականների կեսերից հաշվենք, ապրանքաշրջանառությունն ավելացրել ենք մի քանի անգամ: Հենց այս տարվա 8 ամսվա ընթացքում այն մեծացել է եւս 100 տոկոսով: Հատկապես ուրախալի է, որ արտաքին առեւտուրը հավասարակշռված է, աճում է ինչպես բելառուսական արտահանումը դեպի Հայաստան, այնպես էլ հայկական արտահանումը դեպի Բելառուս: Աճում են ներդրումները, եւ դա նույնպես երկկողմանի է. աճել է Հայաստանում բելառուսական կապիտալով եւ Բելառուսում հայկական կապիտալով գրանցված ձեռնարկությունների քանակը: Սա շատ լավ արտացոլում է այն, որ մենք տարբեր մակարդակներում ակտիվ եւ արդյունավետ աշխատում ենք: Եվ բիզնեսը զգում է այս ազդակները, որոնք հաղորդվում են նաեւ քաղաքական մակարդակով, մեր ունեցած գործիքակազմը եւս արդյունավետ է»,-ասել է Գոլովչենկոն, հաղորդում է «ԲԵԼԹԱ»-ն։
Նա նշել է, որ կարեւոր է ոչ միայն առեւտուրը, այլ նաեւ համատեղ նախագծերի իրականացումը։
«Մենք դիտարկում ենք Հայաստանում վերելակների համատեղ արտադրությունը։ Մենք մասնակցում ենք վերելակների փոխարինման ծրագրին։ Բելառուսական «Մոգիլեվլիֆտմաշ» արտադրողը հանդես է եկել Հայաստանում արտադրություն սկսելու նախաձեռնությամբ։ Հայաստանի համար սա նոր մեքենաշինական կոմպետենցիաների, նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն է»,-նշել է Բելառուսի վարչապետը։
Նրա խոսքով՝ Բելառուսը նաեւ հետաքրքրված է այլ ոլորտներում մեքենաշինական նախագծերի իրականացմամբ։
Նա հավելել է, որ 2021 թվականին Բելառուսի եւ Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 97,2 միլիոն դոլար եւ 2020 թվականի համեմատ ավելացել է 18,1 տոկոսով, արտահանումը կազմել է 68,4 միլիոն դոլար եւ ավելացել է 18,9 տոկոսով։ Դրական սալդոն կազմել է 39,4 միլիոն դոլար։





























