44-օրյա պատերազմի ընթացքում «իսկանդերները» չեն կիրառվել այն նպատակների համար, որոնց համար անհրաժեշտ էր կիրառել: Հոկտեմբերի 25-ին քննարկման ընթացքում այս մասին հայտարարեց պաշտպանության նախկին փոխնախարար, Հայաստանի հանրապետական ​​կուսակցության անդամ Արտակ Զաքարյանը:

Նա բացատրեց, որ սա զսպող զենք է եւ նախատեսված է կոնկրետ դեպքերում օգտագործման համար: «Բայց եթե դու անհրաժեշտության դեպքում չես կիրառել այն, նշանակում է պատրաստ չես գնալ հաղթանակի, նշանակում է դու  ինչ-որ մեկի հետ ինչ-որ բանի մասին պայմանավորվել ես», - նշեց Զաքարյանը:

Նրա համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունները գիտակցաբար ձախողեցին բանակի վերափոխման ծրագիրը, քանի որ չունեն համապատասխան քաղաքական ռեսուրսներ եւ ցանկություն լուծելու համակարգային խնդիրները:

Նա նշեց, որ 2016 թվականի ապրիլին ռազմական գործողություններից  հետո ընդունվել էր բանակի արդիականացման ծրագիր, որը նաեւ քաղաքական ազդանշան էր՝ ինչպես դաշնակիցների, այնպես էլ թշնամաբար տրամադրված երկրի համար», – հավելեց նա.

«Եթե բարեփոխումները կատարվեին այս ծրագրի տրամաբանությամբ, ապա մինչեւ 2020 թվականը մեր բանակի հնարավորությունները շատ ավելի բարձր կլինեին ռազմական տեխնիկայի ներդաշնակեցման, զորամասերի գործողությունների, կազմակերպված պաշտպանության եւ հակահարձակման, խաղաղ իրավիճակից ռազմականի անցնելու տեսանկյունից», – հավելեց նախկին փոխնախարարը։

Ըստ նրա, այժմ իշխանությունները դիմում են մանիպուլյացիաների եւ պոպուլիստական ​​հայտարարություններ են անում: «Մինչեւ Հայաստանում չվերանայվի անվտանգության ռազմավարության հայեցակարգը,  մենք չենք կարողանա անվտանգության ոլորտում համակարգային աշխատանք կատարել՝ հաշվի առնելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրողությունները: Բանակի զարգացման եւ արդիականացման ծրագիրը պետք է բխի այս ռազմավարությունից: Իսկ իրավիճակային որոշումները, որոնք այժմ փորձում են ընդունել Հայաստանի իշխանությունները, անարդյունավետ կլինեն: Նրանց հայտարարությունները բացասական տպավորություն են ստեղծում արտաքին խաղացողների շրջանում: Այս ամենը հանգեցնում է նրան, որ Հայաստանի իշխանությունները պաշտպանության հույսով պատրաստ են ընկնել ցանկացածի գիրկը՝ առանց հաշվի առնելու երկարատեւ հետեւանքները », - բացատրեց Զաքարյանը:

Հայաստանի իշխանությունների ամենակարեւոր զենք նա անվանեց սուտը, որով փորձում են համոզել ժողովրդին, որ տարածքային կորուստները իբրեւ թե այդքան էլ վատ երեւույթ չեն: «Մենք կանգնած ենք լուրջ խնդիրների առաջ, ժամանակը սպառվում է: Կարեւոր է փոխել հասարակության բարոյա-հոգեբանական վիճակը եւ վերադառնալ «Ազգ-բանակ» համակարգին», – ընդգծեց նա։

Նախկինում իշխող կուսակցության ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանը պատրաստվում է մինչեւ տարեվերջ նոր կապիտուլյացիա ստորագրել: «Արեւմուտքի առաջարկած խաղաղության պայմանագրով՝ Հայաստանը կզրկվի ինքնիշխանությունից, անվտանգության մակարդակը բարձրացնելու եւ ժողովրդի ինքնորոշման իրավունքի  կիրառման հնարավորությունից: Ամենակարեւորը ` կհանգեցնի բնական դաշնակցի հեռացմանը», - եզրափակեց Զաքարյանը՝ չպարզաբանելով, թե ինչ ավելի ձեռնտու տարբերակ է առաջարկել կամ առաջարկում ստորագրել Մոսկվան: