Գերմանիայի գործարար շրջանակներում վստահությունը շարունակում է ավելի քան երկու տարվա ամենացածր մակարդակում  մնալ, քանի որ էներգետիկ մտահոգությունները ծանր ձմռան սպասումներ են առաջացնում:

Ifo ինստիտուտը հայտնել է, որ վստահության ամսական ինդեքսը, որը Եվրոպայի խոշորագույն տնտեսության առողջության կարեւոր ցուցանիշ է, հոկտեմբերին նվազել է մինչեւ 84,3 կետ՝ անցյալ ամսվա 84,4-ից: Սա ամենացածր մակարդակն է 2020 թվականի մայիսից, բայց այն ավելի լավ է, քան տնտեսագետների կանխատեսումները մինչեւ 83,5 ավելի մեծ անկման մասին:

Մենեջերներն իրենց ներկայիս դիրքը մի փոքր ավելի վատ են գնահատել, քան սեպտեմբերին, թեեւ առաջիկա վեց ամիսների համար նրանց ակնկալիքները փոքր-ինչ բարելավվել են:

«Նրանք շարունակում են անհանգստանալ առաջիկա ամիսների համար: Գերմանիայի տնտեսությանը ծանր ձմեռ է սպասում»,- ասվում է Ifo-ի հայտարարության մեջ, որում նշվում է, որ «գերմանական տնտեսության տրամադրությունները առաջվա պես մռայլ են»:

Գերմանիայի գնաճի տարեկան մակարդակը հասել է 10 տոկոսի, եւ կառավարությունը վերջերս հայտարարել է, որ համախառն ներքին արդյունքի կրճատում է ակնկալում երեք եռամսյակ անընդմեջ:

Անցյալ շաբաթ օրենսդիրները ճանապարհ են բացել կառավարության համար՝ մինչեւ 2024 թվականը տնային տնտեսություններին եւ ձեռնարկություններին մինչեւ 200 միլիարդ եվրո սուբսիդիաներ տրամադրելու համար, որպեսզի թեթեւացնեն էներգակիրների բարձր գների հետ կապված բեռը: Սակայն կառավարությունը դեռ պետք է վերջնական տեսքի բերի այս ծրագրի մանրամասները։

Պաշտոնյաներն ասում են, որ Գերմանիան ունի ձմեռը բավարար քանակի էներգիայով անցկացնելու բոլոր հնարավորություններն այն բանից հետո, երբ Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումները, սակայն ընդգծում են, որ գազի խնայողությունը դեռեւս անհրաժեշտ է:

Ifo-ի հարցումը հիմնված է տարբեր ոլորտների մոտավորապես 9000 ընկերությունների պատասխանների վրա: