Թուրքական պաշտպանական Baykar ընկերությունը նախատեսում է երկու տարի հետո ավարտել գործարանի կառուցումն Ուկրաինայում։ Այս մասին ասել է գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը, տեղեկացրել է Reuters-ը։

Թուրքիայի եւ Ուկրաինայի համաձայնագրի շրջանակում Baykar-ը համաձայնել է կառուցել իր երկրորդ գործարանն Ուկրաինայում։

«Բայրաքթարն ասել է, որ պլանները կիրականացվեն՝ չնայած պատերազմի առաջացրած որոշ խոչընդոտներին։ «Մեր պլանն առաջ է գնում»,- ասել է ընկերության ղեկավարը Ստամբուլում, SAHA ցուցահանդեսի շրջանակում։ «Հիմա մենք ունենք ճարտարապետական նախագիծ։ Մանրամասն նախագծման փուլն ավարտվել է։ Եվ մենք փաստորեն կարող ենք սկսել շինարարությունը..., երկու տարվա ընթացքում մենք կցանկանայինք ավարտել»։

Ուկրաինան Baykar-ի մատակարարումների շղթայում երկրորդն է, մանավանդ ծանր Akinci եւ կործանիչ Kizilelma կամ Golden Apple անօդաչուների հարցում, որոնք ներկայում մշակման փուլում են։ Երկուսն էլ  օգտագործում են ուկրաինական «Մոտոր Սիչի» եւ «Իվչենկո-Պրոգրեսի» շարժիչները։

Սպասվում է, որ այս տարի ընդլյանվող պատվերների պորտֆելը կբերի մոտ 1 մլրդ դոլարի հասույթ, ասել է Բայրաքթարը, ինչը մոտ 50 տոկոսով ավելին է՝ նախորդ տարվա 650 մլն-ի համեմատ, իսկ 2023թ. սպասվում է եւս 50 տոկոսանոց աճ։

Ըստ Բայրաքթարի՝ ընկերությունը եկամուտները կներդնի արտադրագծի ընդլայնման մեջ։ «Մենք արտադրում ենք TB2 20 դրոն ամսական։ 2023թ. մեր նպատակը առնվազն 30 միավոր արտադրելն է (ամսական)»,- ասել է նա։

Ընկերությունն ընդլայնում է նաեւ տիեզերական տեխնոլոգիաների ոլորտը, որպեսզի լրացնի անօդաչու տրանսպորտային միջոցների իր բացը։ «Հիմա մենք ներդրում ենք կատարում տիեզերական տեխնոլոգիաներում։ ...Նոր ոլորտներում, որտեղ առաջարկում են նորարարական լուծումներ»,- ասել է Բայրաքթարը։