Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ներկայացրել է իր տեսլականը հաջորդ դարում, գրում է AP-ը։

Էրդողանն ասել է, որ կառավարությունը սահմանադրական փոփոխություններ կառաջարկի, որոնք կպաշտպանեն հիջաբ կրել ընտրող կանանց իրավունքները, ինչպես նաեւ կպաշտպանեն ընտանեկան արժեքները։ 

Թուրքիայի վերաբերյալ Էրդողանի տեսլականը ներառում է երկիրը «քաղաքականության, տնտեսության, տեխնոլոգիայի, ռազմական եւ դիվանագիտության» մեջ աշխարհի լավագույն 10 երկրների շարքում, ինչպես նաեւ օտար երկրներից էներգետիկ կախվածության նվազեցումը:

Նա նաեւ խոստացել է կյանքի կոչել Ստամբուլով ջրանցք կառուցելու վիճահարույց ծրագրերը։ Կառավարությունը պնդում է, որ ջրանցքը կհեշտացնի նավարկությունը Բոսֆորում, սակայն բնապահպանական խմբերը վախենում են, որ նախագիծը կվնասի շրջակա միջավայրին:

Նշելով, որ Թուրքիայի սահմանադրությունը մշակվել է 1980 թվականին ռազմական հեղաշրջումից հետո, Էրդողանը խոստացել է նոր սահմանադրություն, որը կամրապնդի «օրենքի գերակայությունը, բազմակարծությունը, արդարությունը եւ հավասարությունը»: «Սեպտեմբերի 12-ի (1980թ.) հեղաշրջման սահմանադրականության ժամկետն արդեն սպառվել է»,-ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը կներկայացվի հաջորդ շաբաթ, կապահովի «մեր բոլոր աղջիկների եւ քույրերի կրթության եւ աշխատանքի իրավունքը, անկախ նրանից՝ նրանք գլխաշոր են կրում, թե՝ ոչ, ինչպես նաեւ կպաշտպանեն մեր ընտանեկան հաստատությունը այլասերված հոսանքներից»։

Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Էրդողանը կորցրել է որոշակի աջակցություն 83 տոկոսից բարձր ինֆլյացիայի ֆոնին։

Էրդողանը նաեւ հաստատել է ծրագրերը, որոնք առաջին անգամ առաջարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ կապված Թուրքիան էնեգետիկ հանգույց դարձնելու հետ։