Հայաստանի Հանրապետության 20-ամյա անկախությունը նման է բանակում խոշտանգված, նվաստացված ու ծեծված 20-ամյա պատանու, կամ արյան, ցավի ու արցունքի մեջ լքված 20-ամյա երիտասարդ կնոջ, ով չի կարող ծննդաբերել, քանի դեռ բժշկուհին բուրդ է չփխում։
Սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման խորհրդանշական համեմատություն արեց «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։
Նրա խոսքով, վերջին 20 տարիները ոչ թե անկախության, այլ չանկախացման տարիներ են։ «Այն, ինչ այսօր ունենք մենք, չանկախացած եւ անկախանալու հնարավորությունները կորցնող 20-ամյա պետություն է։ Դա անհրաժեշտ է հասկանալ, որովհետեւ եթե չհասկանանք, որ անկախ չենք, չենք կարող անկախանալ։ Այդ է պատճառը, որ այսօր մենք պետք է նշենք ոչ թե անկախության 20-ամյակը, այլ չանկախացման տարելիցը»,- նկատեց Խզմալյանը։
Կինոռեժիսորի համոզմամբ, Հայաստանն անկախություն ձեռք բերելուց 20 տարի անց էլ շարունակում է մնալ սեփական բռնակալների գաղութը։
«Հայաստանի անկախ պետությունում 20 տարի անց էլ տիրում է կոմսոմոլ-ԿԳԲ-իստական պահպանված եւ ոչ մի կերպ չկործանվող մնացորդը։ Մենք գիտակցում ենք, որ մեր պետականության համար ամենամեծ վտանգը ոչ ադրբեջանական սպառնալիքներն են, ոչ էլ թուրքական շրջափակումը, այլ նախեւառաջ տեղական բռնապետերը։ Հայաստանը մի քանի կլանների համար սեփական հարստացման աղբյուր է։ Իր անկախության 20 տարիներին Հայաստանը ոչ այլ ինչ է, եթե ոչ իրենց իշխանություն հռչակած մի քանի կլանների կողմից զավթված տարածք»,- նշեց «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամը։
Ամփոփելով՝ Տիգրան Խզմալյանը նկատեց, որ իշխանությունների հետ ցանկացած համագործակցություն, բանավեճ եւ քծնանք (կինոռեժիսորն ակնարկում էր կոալիցիա-ՀԱԿ երկխոսությունը) ծառայում է միայն եւ միայն իշխանությունների ամրապնդմանը։ «Համակարգափոխության հասնելու համար քաղաքացիական անհնազանդություն, բարոյական անհանդուրժողականություն է անհրաժեշտ»,- ընդգծեց կինոռեժիսորը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում: Այդ փաստաթղթով վերացվեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը եւ հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախ պետականության մասին հանրաքվե: Հանրապետության քաղաքացիների 94,99 տոկոսը «այո» ասաց Անկախությանը: Երկու օր անց Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան պետություն:



























