Օլիվեր Բոլդուինի «Վեց բանտարկություն եւ երկու հեղափոխություն» գրքի շնորհանդեսով երեկ՝ նոյեմբերի 3-ին, պաշտոնապես մեկնարկեց Հայ-բրիտանական համաժողովը։

Օլիվեր Բոլդուինը Մեծ Բրիտանիայի եռակի վարչապետ Սթենլի Բոլդուինի որդին էր, որը Ալեքսանդր Խատիսյանի հրավերով Հայաստան էր եկել 1920թ-ի աշնանը՝ Հայաստանի պատմության առավել թեժ էջերից մեկի ժամանակ, երբ արդեն սկսվել էր Հայ-թուրքական պատերազմը: Նա որպես փոխգնդապետ ծառայության է անցել հայկական բանակում եւ ականատես եղել 1920թ-ի Հայ-թուրքական պատերազմին, ինչպես նաեւ Հայաստանում խորհրդա­յին իշխանության հաստատմանը։ Այդ ընթացքում նա բանտարկվել է, Երեւանի բանտից ազատվելուց որոշ ժամանակ անց մասնակցել 1921 թ-ի Փետրվարյան ապստամբությանը։

Հայաստանում իր տեսածի, իր հետ պատահածի մասին Բոլդուինը հետագայում գրել է հուշեր, եւ միայն այսօր՝ գրքի առաջին հրատարակությունից մոտ մեկ դար անց, այն լույս է տեսնում հայերեն եւ հայ ընթերցողին ներկայանում Լեոնիդ Զիլֆուգարյանի թարգմանությամբ, Լեռնիկ Դալլաքյանի խմբագրությամբ եւ Հրանտ Տեր-Աբրահամյանի նախաբանով։

Հայաստանի համար կարեւորություն ներկայացնող այս փաստագրական ստեղծագործության հայերեն հրատարակությունը հնարավոր է դարձել «Կողբ» հիմնադրամի ջանքերով։ Հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ գիրքն առանցքային է ոչ միայն նրանով, որ անդրադառնում է հայոց պատմության կարեւորագույն էջերին, այլեւ՝ գրված է հենց ականատեսի աչքերով․

«Ցանկացած գրքի շնորհանդես, առհասարակ, կարեւոր է, բայց այս գիրքն ունի որոշակի յուրահատկություն․ բնականաբար, գրքի հիմնական արժեքներից մեկն այն է, որ այնտեղ ամեն բան նկարագրված է ականատեսի աչքերով, եւ կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ այն գրված է օտարերկրացու հայացքով եւ շատ արժեքավոր տեղեկություններ է պարունակում, որոնք մենք, գուցե, չկարողանայինք գտնել այլ պատմագիտական աղբյուրներում։ Գիրքը արդիական է նաեւ մեր այսօրվա համատեքստում եւ այն, ինչ-որ տեղ, խթան է հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման համար»,-իր խոսքում նշեց նա։

Գրքի նախաբանի հեղինակ Հրանտ Տեր-Աբրահամյանը հավելեց, որ ստեղծագործությունը գրված է թեթեւ, արկածային ոճով, ինչն այն հեշտ ընթեռնելի է դարձնում բոլորի համար․

««Կողբ» հիմնադրամի հետ մենք շատ ծրագրերով համագործակցում ենք, իսկ քանի որ այս գիրքը ոչ միայն հետաքրքիր է, այլեւ՝ կարեւոր, որոշվեց այս նախագիծն անպայման կյանքի կոչել։ Ես՝ ինքս, ծանոթ չեմ եղել գրքին, բայց կարծում եմ՝ շատ խորհրդանշական ու կարեւոր է, որ հենց այս պահին է այն հրատարակվում, երբ Հայաստանի շուրջ շրջադարձային իրադարձություններ կան։ Կարեւոր է մեր առնչությունը մեր անցյալի հետ։ Ես չեմ ուզում ասել, թե պատմությունը կրկնվում է, քանի որ կարծում եմ՝ պատմությունը երբեք չի կրկնվում, բայց մոդելները կրկնվում են, եւ այս վկայությունները շատ առանցքային են»։

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը։ Դեսպանները շեշտեցին հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման կարեւորությունը՝ ընդգծելով Օլիվեր Բոլդուինի նպաստավոր գործոնն այդ համատեքստում։

«Հրաշալի է, որ «Կողբ» հիմնադրամը նախաձեռնել է այս միջոցառումը, որի շնորհիվ մարդիկ ավելի ցայտուն կիմանան պատմական ճշմարտությունները։ Կարծում եմ՝ Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ երեսնամյա դիվանագիտական հարաբերությունները զարգացել են՝ հենվելով այն արժեքների վրա, որոնք կրում են երկու ժողովուրդներն էլ։ Ես կարծում եմ՝ այս հարաբերությունները գնալով էլ ավելի կուժեղանան ու ես տեսնում եմ իմ դերակատարությունը դրանց ամրապնդման գործում։ Մեծ Բրիտանիան միտված է աջակցելու Հայաստանին՝ զարգացնելով ժողովրդավարական հարաբերությունները, ապահովելով տնտեսական զարգացումը եւ երկրի տոկունությունը»,-իր խոսքում շեշտեց Ջոն Գալագերը։

Միջոցառման վերջում ներկայացվեց 2023թ-ին նախատեսվող Հայ-բրիտանական համաժողովի նախագիծը։

Օլիվեր Բոլդուինի «Վեց բանտարկություն եւ երկու հեղափոխություն» գիրքն արդեն հասանելի է Liooli.am հարթակում գործող առցանց խանութում։

13.jpg (22 KB)

314398926_662751875315328_5756669939301377037_n.jpg (24 KB)

314491048_864528407888478_5104719297097089494_n.jpg (31 KB)

20.jpg (47 KB)