Թեեւ Երեւանի քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ նշվել է, որ սեպտեմբերից դպրոցներում եւ ԲՈՒՀ-երում դասերի սկսման նոր ժամային գրաֆիկների փոփոխությունը նպաստել է երթեւեկության բեռնաթափմանը, սակայն իրականում Երեւանի փողոցներում առավոտյան բավական անմխիթար վիճակ է ստեղծվում:

Մասնավորապես, այսօր` սեպտեմբերի 5-ին առավոտյան ժամը 09:00-ին հսկայական խցանում էր առաջացել Նորքի զանգվածները Երեւանի կենտրոնին կապող Մյասնիկյան պողոտայում, ընդհուպ մինչեւ Հերացի եւ Աբովյան փողոցներ, մինչեւ Աբովյան- Կորյուն խաչմերուկ:

Աշխատանքի ու դասի շտապող երեւանցիները ստիիպված էին լրացուցիչ 45-50 րոպե անցկացնել երթուղային տաքսիներում, իսկ Աբովյան-Կորյուն խաչմերուկում ուղղակի սարսափելի տեսարան էր: Ավտոմեքենաները մի այնպիսի խցանում էին առաջացրել, որից դուրս գալը թվում էր, թե անհնար է: Վարորդների միջեւ իսկական պատերազմ էր սկսվել, թե ով պետք է ում զիջի:

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ շարունակել ուսումնասիրությունները եւ խաչմերուկներում երթեւեկության կանոնակարգման օպտիմալ տարբերակներ առաջարկել ինչպես լուսացուցային, այնպես էլ երկկողմանի երթեւեկության կարգավորման առումով:

NEWS.am-ի թղթակցի հետ զրուցած ուսանողները նշել են, որ քաղաքապետարանը մտածել էր, թե սկզբում աշխատանքի կգնան աշխատող քաղաքացիները, հետո նոր դասի կգնան ուսանողները, այնինչ, հիմա աշխատավայրերի մեջ մասում աշխատանքներն սկսվում են 9:30-10:00-ին եւ ստացվել է այնպես, որ բոլորը նույն ժամին են փողոց դուրս գալիս, ինչն էլ հանգեցնում է խցանումների: