Ճապոնիայում բազային սպառողական գնաճն արագացել է՝ հոկտեմբերին հասնելով 40-ամյա առավելագույնին, երկրի կենտրոնական բանկը վարում է գերցածր տոկոսադրույքների քաղաքականություն, տեղեկացրել է Reuters-ը։
Սպառողական գների համազգային բազային ինդեքսը (ՀԲԻ) ավելացել է 3,6 տոկոսով անցած տարվա համեմատ՝ գերազանցելով տնտեսագետների սպասած աճը, որը նկատվել էր սեպտեմբերին։
Սա ամենամեծ թռիչքն է 1982թ. փետրվարից ի վեր, երբ մերձավորարեւելյան ճգնաժամը՝ իրանա-իրաքյան պատերազմով պայմանավորված, հանգեցրել էր հում նավթի մատակարարումների խափանման եւ էներգակիրների գների խիստ բարձրացման։
Ինդեքսի աճը բացառում է թարմ ապրանքների գների տարուբերումը, բայց ներառում է նավթամթերքները, սա հաստատում է, որ գնաճը մնում է 2 տոկոսով բարձր Ճապոնիայի բանկի թիրախային մակարդակից արդեն յոթերորդ ամիսն անընդմեջ։ Բայց տնտեսագետները սպասում են, որ Ճապոնիայի բանկը կմիանա տոկոսադրույքների բարձրացման գլոբալ միտմանը, որովհետեւ գնաճի արագացումն այս տարի դիտարկում է որպես ծախսերի ավելացման դրվագ, որը կանհետանա, երբ դադարեն աճել ներմուծման ծախսերը։
Օտարերկրյա մատակարարումների սահմանափակումները հանգեցրել են ներմուծվող սննդամթերքների, արդյունաբերական ապրանքների եւ արտադրական դետալների գների աճի, ինչպես նաեւ իենի էժանացման, որն այս տարի դոլարի հանդեպ գրանցել է 20 տոկոսի անկում։
Ճապոնիայի բանկի ղեկավար Հարուխիկո Կուրոդան հաստատել է դրամավարկային խթանումը պահպանելու խոստումը՝ աշխատավարձի բարձրացման եւ կայուն գնաճի հասնելու համար։ Կենտրոնական բանկը պահում է երկարաժամկետ տոոսադրույքները զրոյին մոտ, իսկ կարճաժամկետ տոկոսադրույքները՝ մինուս 0,1 տոկոսի մակարդակի։
Հոկտեմբերի տվյալները ցույց են տվել հումքի գների աճ, իսկ իենի թուլությունը հանգեցրել է 15,2 տոկոսով էներգիայի արժեքի թանկացման, այն դեպքում, երբ սննդամթերքների գները, բացի արագ փչացողներից, ավելացել են 5,9 տոկոսով, ինչն ամենաարագ աճն է 1981թ. մարտից ի վեր։
Ճապոնիայի բանկը կանխատեսում է, որ մինչեւ 2023թ. ֆինանսական տարում միջին գները 3 տոկոսով ավելի բարձր կլինեն, քան 2021-2022թթ., բայց 2023-2024թթ. գների աճը կրկնակի ցածր կլինի, քանի որ հումքային ապրանքները եւ այլ գործոններ, որոնք խթանում են ծախսերի աճը, կթուլանան։




























