Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` սեպտեմբերի 5-ին անորոշ ժամկետով հետաձգվել է սպա Արտակ Նազարյանի գործով նշանակված դատական երկրորդ նիստը, որը պետք է մեկնարկեր ժամը 14։00-ին։ Չի ապահովվել Նուբարաշենի ՔԿՀ-ում գտնվող 4 կալանավորների ներկայությունը դատական նիստին։ NEWS.am-ի թղթակիցն այս մասին հայտնում է Տավուշի մարզից։

Դատական նիստի հետաձգումը հարուցել է թե տուժող կողմի, եւ թե մեղադրյալների դժգոհությունը։

«Սա բացարձակ լկտի ու ցինիկ վերաբերմունք է տուժող կողմի նկատմամբ։ Նրանք վախենում են սկսել գործը, որովհետեւ գիտեն, որ այն հիմնված է ստի եւ կեղծիքի վրա։ Վախենում են, որ իրականությունը կբացահայտվի»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արտակ Նազարյանի մայրը եւ շարունակել. «Մի ամբողջ տուժող կողմ 3 ժամ ճանապարհ է կտրում, Երեւանից գալիս-հասնում է այստեղ, իմ սիրտը ճանապարհին վատանում է եւ արդեն երկրորդ անգամ նիստը չի կայանում։ Նիստը երկու ժամով հետաձգեցին եւ երկու ժամ Բերդում անցկացնելուց հետո նորից ասում են, որ կալանավորները չկան եւ նիստը չի կայանալու»,- ասել է նա։

Ի դեպ, նախաքննական մարմնի աշխատանքից դժգոհել են ոչ միայն տուժող կողմի ներկայացուցիչները, այլ նաեւ կալանավորների հարազատները։ Նրանք ասել են, որ նախաքննական մարմիններն ուղղակի «գործ են սարքում»։ «Տեղի է ունեցել սպանություն, բայց շարքային զինծառայողները ոչ մի մեղք չունեն։ Նրանք կատարվածն իրենց վրա են վերցրել։ Մի քանիսը սուտ ցուցմունք են տվել, քանի որ դաժան ծեծի են ենթարկվել»,- ասել են նրանք։

Մեղադրյալներից մեկի հարազատներն իրենց հետ դատարան են բերել մի գրություն՝ գրված շարքային զինծառայողներից մեկի կողմից, ով խոստովանել ու նաեւ ստորագրել է, որ իրեն ծեծելով ստիպել են սուտ ցուցմունքներ տալ։

Արտակ Նազարյանի քույրը՝ Ծովինար Նազարյանն իր հերթին NEWS.am-ի թղթակցին ասել է. «Հույս ունեինք, որ կալանավորները բերված կլինեին, բայց կալանավորներն այդպես էլ չեկան։ Եկավ դատավորը, ով ասաց, որ դա անկարգապահություն է եւ դրան պետք է վերջ տալ։ Բայց թե ո՞վ, եթե ոչ ինքը, պետք է վերջ տա, չգիտեմ»։

Հիշեցնենք, որ հետաձգվել էր նաեւ  սպա Արտակ Նազարյանի մահվան գործով նշանակված դատական առաջին նիստը, որը պետք է տեղի ունենար օգոստոսի 22-ին։

Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը NEWS.am-ի թղթակցին այն ժամանակ հայտնել էր, որ դատախազ Հարություն Հարությունյանը միայն այդ օրն է զանգահարել է դատարան եւ տեղեկացրել, որ ինքը մինչեւ սեպտեմբերի 1-ը գտնվելու է արձակուրդում: Ընդ որում, փաստաբանը դատախազի վարմունքն առնվազն անպատասխանատու, անհարգալից վերաբերմունք էր գնահատել ոչ միայն դատարանի, այլեւ դատավարության մասնակիցների նկատմամբ: 

Հիշեցնենք, որ Արտակ Նազարյանը, պաշտոնական վարկածի համաձայն, ինքնասպան է եղել 2010թ. հուլիսի 27-ին Տավուշի մարզի զինվորական դիրքերում: Գործով մեղադրանք է առաջադրվել 2 սպայի եւ 3 շարքայինի ինքնասպանության հասցնելու եւ իշխանազանցության մեղադրանքներով:

Արտակ Նազարյանի ընտանիքի անդամներն ու մտերիմները չեն հավատում պաշտոնական վարկածին եւ պնդում են, որ երիտասարդ սպային սպանել են: Ծնողները համաձայն չեն ինքնասպանության վարկածի հետ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ, դատաբժշկական փորձաքննությունը պարզել է հարվածներ մարմնի վրա: