Գազի գինը մեկ մեգավատտ/ժամի համար (ՄՎտ/ժ) 275 եվրո սահմանաչափի վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկն անբավարար է եւ չափազանց բարձր, հայտարարել է Իտալիայի էներգետիկայի եւ շրջակա միջավայրի նախարար Ժիլբերտո Պիչետո Ֆրատինը, հայտնել է Reuters-ը:
«Սա, անկասկած, կարող է լինել առաջին ազդանշանը, բայց նման բարձր սահմանը մենք անբավարար ենք համարում։ Ընդհակառակը, այն ավելի շուտ կարող է խթանել շահարկումները, այլ ոչ թե դառնալ դրանք զսպելու գործիք»,- ասել է նա SkyTG24 հեռուստաալիքին:
ԵՄ էներգետիկայի նախարարները պետք է քննարկեն առաջարկը, որը ձեւակերպվել է դաշինքի ներսում ամիսներ տեւած տարաձայնություններից հետո, թե ինչպես զսպել էներգակիրների գների կտրուկ աճը:
«Ներկայիս տեսքով (առաջարկը) մեզ դուր չի գալիս»,- ասել է Պիչետո Ֆրատինը:
Բրյուսելի առաջարկի համաձայն՝ սահմանափակումն ուժի մեջ կմտնի, եթե հոլանդական գազային Title Transfer Facility (TTF) բորսայում առաջին ամսվա գինը երկու շաբաթվա ընթացքում գերազանցի մեգավատտ/ժամի համար 275 եվրոն, եւ եթե, միեւնույն ժամանակ գները 58 եվրոյով բարձր լինեն, քան հեղուկ բնական գազի համաշխարհային հենակետային գինը 10 առեւտրային անընդմեջ օրերի ընթացքում։
Քննադատներն ասում են, որ ԵՄ գործադիր իշխանությունը չափազանց բարձր նշաձող է սահմանել մեխանիզմն ակտիվացնելու համար: Այս պահին TTF-ի առաջին ամսվա գինը մոտ 125 եվրո է սահմանվել։





























