«Հայաստան» համահայկական հիմնադրամը բարերար Հրայր Հովնանյանի հովանավորությամբ Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություն է կառուցում։ NEWS.am-ին այս մասին հայտնում են հիմնադրամի մամուլի ծառայությունից։ Ծրագիրը համաֆինանսավորում է ԼՂՀ կառավարությունը: Հիմնադրամից տեղեկացնում են, որ Լեռնային Ղարաբաղում 1-15 տարեկան մոտ 100 ծնողազուրկ երեխա է ապրում: Նրանցից 50-ը ներկայումս հանգրվանել է Ստեփանակերտի մանկատանը: Մնացածը օթեւան են գտել հարազատների ընտանիքներում: Մանկատան նոր շենքը պատրաստ լինելուն պես այստեղ կարող է բնակվել մինչեւ 80 երեխա:
Նորակառույց հաստատությունը կունենա նախադպրոցական ու դպրոցական տարիքի երեխաների բնակության եւ ժամանցի համար բոլոր անհրաժեշտ պայմանները` ննջարաններ, խաղասենյակներ, ճաշարան, համակարգչային գրադարան, հանդիսության սրահ: Այժմ ընթանում են քանդման ու հողային աշխատանքները, որոնց ավարտին անմիջապես կհաջորդի շենքի կառուցումը:




























