Գարեգին Բ-ն այսօր` սեպտեմբերի 6-ին ընդունել է «Արմենիա» առագաստանավի անձնակազմին` գրող, հրապարակախոս Զորի Բալայանի ղեկավարությամբ:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Գարեգին Բ-ն գոհունակություն է հայտնել, որ նավարկությունը բարեհաջող ընթացք է ունեցել:

«Տեղյակ ենք այն խանդավառությանը, որ ձեր այցելություններով ստեղծում էիք հայ համայնքներից ներս` հպարտության զգացում փոխանցելով մեր զավակներին ձեր քաջարի այդ արարքով: Նմանատիպ երեւույթները նոր ոգեւորություն են ներարկում մեր զավակների հոգիներից ներս եւ լիցք են հաղորդում նրանց` շարունակելու իրենց ազգապահպան գործունեությունը», - նշել է կաթողիկոսը: Նա վստահություն է հայտնել, որ հայ ժողովրդի մեջ այս իրադարձությունը կստանա լավագույն գնահատականը եւ կունենա իր արժեւորումը:

Այնուհետեւ Զորի Բալայանն «Արմենիա» առագաստանավի անձնակազմի անունից շնորհակալություն է հայտնել Գարեգին Բ-ին` ջերմ ընդունելության համար: