«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան խմբի 5 ներկայացուցիչների, այդ թվում` ՀՀ Ազգային ակադեմիայի թղթակից անդամ Արթուր Իշխանյանի, ԱՐՄԱԿԱԴ ցանցի համակարգող Խաչիկ Գեւորգյանի եւ մի քանի երիտասարդ գիտնականների հետ եւ քննարկել գիտության ֆինանսավորման ավելացմանը վերաբերող նրանց նոր առաջարկներ:

Խումբը պատրաստվում է առաջարկները ներկայացնել նաեւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին:

«Ժառանգության» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Ժառանգության» ներկայացուցիչները ողջունել են ֆեյսբուքյան այս նախաձեռնության ակտիվ գործունեությունը, ինչպես նաեւ իրենց պատրաստականությունը հայտնել հետեւողականորեն աջակցել խմբին` իրենց պահանջների իրականացման հարցում, նաեւ շարունակել պայքարը գիտության ֆինանսավորումը արդեն 2012թ. բյուջեում 3%-ի հասցնելու ուղղությամբ, ինչը նաեւ ներառված է կուսակցության 2007թ. նախընտրական ծրագրում, եւ այդ հարցում համագործակցել հասարակական եւ քաղաքական տարբեր ուժերի հետ:

Հավելենք, որ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում տեղադրված են բազմաթիվ կոնկրետ առաջարկություններ` ուղղված գիտության ֆինանսավորման մեխանիզմների արդյունավետությունը բարձրացնելուն, գիտության ներսում ֆինանսական հոսքերի կառավարման նոր մեթոդների ներդրմանը եւ գիտական արտադրանքի գնահատման նոր չափորոշիչների կիրառմանը: