Հայաստանի ԳԱԱ-ն որոշել է երիտասարդ գիտնականների համար սահմանել «Ակադեմիա» անվանակարգով ամենամյա մրցանակ: Մրցույթին կարող են մասնակցել մինչեւ 35 տարեկան գիտնականներ, որոնք կներկայացնեն իրենց գիտական աշխատանքները` հոդված, հոդվածաշար եւ այլն: Այս մասին NEWS- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ «Գիտության զարգացման հիմնադրամի» տնօրեն Հրանտ Մաթեւոսյանը: Նրա խոսքով` «Ակադեմիա» մրցանակը յուրաքանչյուր տարի լինելու է ընդամենը մեկը, իսկ թե որ ոլորտում, այդ մասին կհայտարարվի ամեն տարի:

«Կախված նրանից,  թե որ ոլորտն է այդ պահին ավելի ակտուալ, մրցույթը կհայտարարվի հենց այդ ոլորտում: Այս տարի դեռեւս նախնական որոշվել է մրցույթը հայտարարել Ֆիզիկայի ոլորտի գիտնականների համար»,-ասաց Հ. Մաթեւոսյանը: Նրա տեղեկացմամբ` մրցանակի կանոնադրությունը ներկայումս գտնվում է մշակման փուլում, սակայն մրցանակի չափը արդեն սահմանվել է 2 000 դոլարին համարժեք դրամ:

Նշենք, որ մոտ ժամանակներս կհայտարարվի 2011թ. «Ակադեմիա» անվանակարգով առաջին մրցույթի մասին: