Հայաստանի Զիված ուժերի զինվորականներն արդեն իններորդ տարին անընդմեջ մասնակցում են Գրաֆենվերում (Գերմանիա) անցկացվող «Combined Endeavor 2011» ուսումնավարժանքներին, որն աշխարհում խոշորագույն նմանատիպ միջոցառումն է կապի ոլորտում: Այդ մասին հաղորդում է «DVIDS» կայքը:
«Combined Endeavor»-ին մասնակցում են ՆԱՏՕ-ի մոտ 40 գործընկեր երկրներ` «Գործընկերություն հանուն խաղաղության» եւ անվտանգության ոլորտում գործընկերության ծրագրերից: Միջոցառումների նպատակը մասնակից երկրների միջեւ հաղորդակցական գործընթացների եւ համատեղելիության մակարդակի բարձրացումն է:«Այս ուսումնական վարժանքները լավ հնարավորություն են մասնակից-երկրների փորձի եւ գիտելիքների փոխանակման համար:
Վերջին տարիների այս վարժանքներին մեր մասնակցությունը հնարավորություն է տալիս բարձրացնել դաշնակից երկրների հետ տարերային աղետների կամ հակաահաբեկչական օպերացիաների ժամանակ աշխատելու մեր ունակությունները»,-ասել է փոխգնդապետ Արամ Գեւորգյանը: Ըստ նրա` թեեւ այս ուսումնավարժանքների հիմնական նպատակը հաղորդակցական մեթոդների եւ տեխնոլոգիաների փոխանակումն է, սակայն մյուս պետությունների ներկայացուցիչների հետ ձեւավորված հարաբերությունները նույնքան արժեքավոր են:«Մասնագիտական ոլորտում մեր հնարավորությունների ամրապնդումն այդ աշխատանքի կարեւոր ասպեկտներից է: Ավելի քան 40 երկրների ներկայացուցիչների հետ անձնական շփումներն օգնում են բարեկամական կապեր ստեղծել մեր երկրների միջեւ, ինչը եւս շատ կարեւոր է»,-նշեց փոխգնդապետը:



























