Երեւանում երթեւեկելու համար ոչ միայն որոշակի ունակություններ, այլ նաեւ ամուր նյարդային համակարգ է պահանջվում: Մարդաշատ երթուղային տաքսիները, գազի բալոնի վրա նստելու սովորությունը, չփակվող, իսկ երբեմն չբացվող դռները նորություն չեն: Բայց կա մեկ այլ լուրջ խնդիր: Խոսքը գնում է այն մասին, թե ովքեր են զբաղվում ուղեւորների փոխադրմամբ: Չէ որ վարորդների պրոֆեսիոնալիզմից, համբերությունի, հոգեվիճակից է կախված շատ մարդկանց առողջությունն ու կյանքը:

Նախորդ շաբաթ NEWS.am-ը «Հանցագործները ղեկին» վերտառությամբ նյութում գրել է 19 38 S համարանիշի թիվ 98 երթուղային տաքսու վարորդի մասին, որը վրաերթի էր ենթարկել փողոցային շանը: Քանի որ վարորդը չի էլ մտածել արգելակելու մասին, ապա երկու ենթադրություն կարելի է անել. կամ վարորդն ի վիճակի չէ արգելակել, այդ դեպքում նույնիսկ եթե շան տեղում երեխա լիներ, նա չէր արգելակելու, կամ էլ դա դաժանության դրսեւորում է եղել: Երկու դեպքում էլ այդ մարդը չպետք է ղեկին նստի, առավել եւս հասարակական տրանսպորտի ղեկին: Չնայած դեպքի հրապարակմանը` իրավապահ մարմինները որեւէ կերպ չարձագանքեցին: Նման խախտումները եւ անփորձությունը բացառություն չեն, իսկ ավելի շուտ նորմա են վարորդների որոշակի խմբի համար:

Սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցավ մեկ այլ դեպք 38 81 S համարանիշի թիվ 26 ավտոբուսի հետ: Ավտոբուս է մտնում մի կին եւ պատրաստվում է նստել: Ավտոբուսում մի քանի ուղեւոր է լինում, բայց վարորդին դուր չի գալիս կնոջ ընտրած նստատեղը, եւ նա կոպիտ ասում է, որ տեղը զբաղված է: Կնոջ արած նկատողությանն ի պատասխան` վարորդը սկսում է կոպտել, վիրավորել: Այսինքն, առանց պատճառի մարդուն վիրավորում են: Գործնականորեն բոլոր երթուղիներում գրություն կա` «Այստեղ չեն ծխում», եւ վարորդները ծխում են:

Նման օրինակները հարյուրավոր են, եթե ոչ հազարավոր: Եւ այդ կոնտեքստում ցանկալի է հիշեցնել ուղեւորների իրավունքների մասին, ովքեր ծառայություն են ստանում իրենց վճարած գումարի փոխարեն: Երկրորդ, անհրաժեշտ է, որ վարորդները համապատասխանեն չափանիշներին, քանի որ նրանց է վստահված ուղեւորների եւ հետիոտներ կյանքն ու առողջությունը: Իսկ նրանց արտաքին տեսքն էլ մեկ այլ նյութի թեմա է: