ԵՊՀ-ում, այսօր` սեպտեմբերի 14-ին մեկնարկել է «Մարդու իրավունքներ եւ ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագրի առաջին դասընթացը: ԵՊՀ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանում, Բելառուսում, Մոլդովայում եւ Ուկրաինայում «Մարդու իրավունքներ եւ ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ, պաշտոնապես հիմնադրվել է 2010 թվականի հոկտեմբերին:
Սույն մագիստրոսական ծրագիրն իրականացվում է Արեւելյան գործընկերության մասնակից չորս պետությունների առաջատար համալսարանների կողմից` Երեւանի պետական համալսարան (համակարգող), Տարաս Շեւչենկոյի անվան Կիեւի ազգային համալսարան, Բելառուսի պետական համալսարան, Մոլդովայում եվրոպական քաղաքական եւ տնտեսական հետազոտությունների համալսարան (USPEE):
Երեւանում մեկ տարի ուսանելուց հետո ուսանողներն իրենց ուսումը կշարունակեն նշված գործընկեր համալսարաններից մեկում: Ծրագիրն ունի 22 մասնակից, որոնցից 11-ը Հայաստանից են, իսկ մյուսները մասնակից երկրների ներկայացուցիչներ են: Վերոնշյալ ծրագիրը Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ աշխարհի տարբեր մասերում հիմնադրված «Մարդու իրավունքներ եւ ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագրերից 6-րդն է, որը ներառում է ԵՄ Արեւելյան գործընկերության տարածաշրջանը: Դրամաշնորհի ընդհանուր արժեքն է 1.276.000 եվրո, իսկ գործողության ժամկետը` 3 տարի:
Ծրագրի մեկնարկին ելույթներով հանդես կգան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը եւ միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ:




























